Օսվենցիմի 94-ամյա անվտանգության ծառայողը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Գերմանիայի դատարանը Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի 94-ամյա նախկին անվտանգության ծառայող Օսկար Գրենինգին մեղավոր է ճանաչել նվազագույնը 300 հազար հրեայի սպանության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գրենինգը, որը հայտնի է որպես «Օսվենցիմի հաշվապահ», դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Վերջինս երկու տարի աշխատել է Օսվենցիմում՝ պատասխանատու լինելով ճամբարի բանտարկյալներից առգրավված գումարների ու անձնական իրերի համար:
Գրենինգն ընդունել է իր բարոյական մեղքը, սակայն հերքել է Հոլոքոստին մասնակցություն ունենալու իր իրավական պատասխանատվությունը:
Նրա փաստաբանները հայտարարել են, որ Գրենինգը չի մասնակցել Հոլոքոստին, սակայն մեղադրող կողմը պնդում էր, որ նա իր աշխատանքով մասնակցել է Աուշվից համակենտրոնացման ճամբարի գործունեությանը:
Չնայած դատավճռին՝ շատերն են կասկածում, որ Գրենինգը կհայտվի բանտում՝ հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը: Ծերունին, ամենայն հավանականությամբ, կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների վերջին նացիստ հանցագործներից մեկը, ով կանգնել է արդարադատության առաջ: