Բժիշկները մեղավո՞ր էին. դատավճիռը կբողոքարկվի

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 15-ի վճռով` մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքում. Լ. Վարդանյանը դատարանի վճռով դատապարտվեց` 2, Զ. Այվազյանը` 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. դատարանի վճռով` նրանք համաներմամբ ազատվեցին հիմնական պատժից, իսկ լրացուցիչ պատիժ դատարանի կողմից չի նշանակվել: Նշենք, որ դատարանում երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Մեզ հետ զրույցում գործով ամբաստանյալ Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ քրեական դատարան: Նա նշեց, որ ստացել են դատարանի վճիռը, ծանոթացել, մեղադրանքի հետ կապված հիմնավորումներ չկան: «Ի սկզբանե էլ մենք ասում էինք, որ որևէ պատճառական կապ գոյություն չունի գործողությունների և հետևանքի միջև, այսինքն՝ բժշկի գործողությունների և Լիա Միսակյանի մահվան միջև:

Ինչպես մեղադրական եզրակացությունն էր, նույնն էլ դատավճիռն է, դատարանում կատարված գործողություններն արտացոլել է ապացույցների մեջ, հետո իբր հաստատված հանգամանք է համարել, որ իմ պաշտպանյալի գործողություններում գոյություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ.- Օ.Հ.) հանցավոր արարք, բայց որպես այդպիսին` ապացույց գոյություն չունի,- ասաց նա` հավելելով,- Նույնիսկ այն եզրակացությունում էլ, որ իբր իմ պաշտպանյալը սխալ գործողություն է կատարել` թե՛ ախտորոշման, թե՛ բուժման հետ կապված, գրված չէ, որ գոյություն ունի պատճառական կապ գործողության և մահվան միջև: Դրա համար խոսքը գնում է նույնիսկ ակնհայտ ապօրինի դատավճռի մասին»: Նա նշեց, որ մեղադրական դատավճիռն իրենց համար սպասելի էր այնքանով, որքանով դատաքննության ընթացքը. նրա գնահատմամբ՝ դատարանի կողմից բազմաթիվ խախտումներ են եղել:

«Դատավորի կողմնակալությունն ակնհայտ երևում էր, և մենք նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրինք»,- ասաց նա` նշելով, որ դատարանի գործողություններից երևում էր, որ մեղադրական դատավճիռ է կայացվելու:

Կարդացեք նաև

Փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանից խնդրելու են օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել և արդարացման դատական ակտ կայացնել. «Որևէ ապացույց չկա: Այնպես չէ, որ և մեղադրող, և արդարացնող ապացույցներ կան, և մենք խնդրում ենք գնահատել արդարացնող ապացույցները: Ո՛չ: Մեղադրող ապացույց ընդհանրապես գոյություն չունի` որպես այդպիսին»:

Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանի վճիռը ստացել են և վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել վճռի դեմ: «Պահանջում ենք, որ պատիժը սահմանվի ոչ միայն ազատազրկման ձևով, այլ նաև մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ սահմանափակում մտցվի բժիշկների նկատմամբ: Եվ հատկապես մեզ համար արտառոց էր կոնկրետ Լիլիթ Վարդանյանի պահվածքը, որը դատարանի վճիռը հրապարակելուց հետո նույն դատարանի դահլիճում ուղղակի հայտարարեց, որ` բոլորիդ երեխաները պետք է նույն վիճակում հայտնվեին կամ հայտնվեն, որը խոսում է այն մասին, որ մարդը հետևություն չի կատարել»,- ասաց նա:

Ա. Սաքունցն ասաց նաև, որ իրենց չեն բավարարել դատարանի հիմնավորումները, թե ինչու մանկաբույժ աշխատելու իրավունքից զրկում նշանակելը նպատակահարմար չի համարվել: Նշենք, որ դատավճռում, որը հրապարակվել է Datalex դատական տեղեկատվական համակարգում, դատարանը դա պատճառաբանել էր հետևյալ կերպ. «Լ.Վարդանյանը` 2011թ. օգոստոսի 1-ից, իսկ Զ.Այվազյանը` 2010թ. նոյեմբերի 17-ից աշխատել են Արաբկիր բժշկական համալիրում` որպես մանկաբույժներ:

Ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի կողմից նրանց մեղսագրվող արարքը կատարվել է 2012թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2013թ. հունվարի 2-ը: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածով նախատեսված «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» դատավարական հարկադրանքի միջոցը: Ամբաստանյալները դեպքից հետո մինչև օրս, շուրջ երկուսուկես տարի, շարունակում են աշխատել «Արաբկիր» բժշկական համալիրում` որպես մանկաբույժներ: Համաձայն նշված համալիրի տնօրենի 12.06.2015թ. գրության, Լ.Վարդանյանն ու Զ.Այվազյանը իրենց դրսևորել են որպես բարեխիղճ և կարգապահ աշխատողներ և որևէ կարգապահական խախտում թույլ չեն տվել»:

Ա. Սաքունցն ասաց, որ դատարանն իր վճռում հղում է կատարել «Արաբկիր» բ/կ-ի տնօրենի խնդրանքին, որով նա խնդրել է մեղմ վարվել. «Մենք գտնում ենք, որ դատարանն իրավունք չուներ նման միջնորդությունը հաշվի առնել կամ դրա հիման վրա իր որոշումը կայացնել, որովհետև դա նույն հիմնարկն է, որտեղ տեղի է ունեցել մահացության դեպքը»:

Գործով մյուս ամբաստանյալ Զ. Այվազյանի պաշտպանը ևս պատրաստվում է բողոքարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը. նրա գնահատականը դատարանի վճռին կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս