Բակո Սահակյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:

Նախագահ Սահակյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները Մեծ Բրիտանիա, ամփոփել դրա արդյունքները եւ պատասխանել ներկաների հարցերին:

Բակո Սահակյանի խոսքով՝ ե՛ւ հայկական համայնքի, ե՛ւ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Արցախի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կապերի ամրապնդմանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին` նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության եւ գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս