«Զանգ տվեցին խանութից, թե 40 միլիցիոներով, զենքով-զրահով, ավոտոմատներով եկել են խանութը վերցնելու». Փայլակ Հայրապետյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր օֆշորային հայտնի սկանդալի գործով դատավորը որոշեց նախ հարցաքննել 3 տուժողներին, վկաներին, դրանից հետո հետազոտել քրեական գործի նյութերը և ապացույցները, ապա անդրադառնալ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի հարցաքննությանը:
Դատարանում այսօր հարցաքննվեց տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը, ով մանրամասն ներկայացրեց իրադարձությունների ընթացքը: Նա նշեց, որ ադամանդագործության ու ոսկերչության հետ կապված գործունեություն սկսել է ծավալել 2009թ., երբ ՀՀ նախագահն իր ելույթում նշել է, որ ցանկանում է Հայաստանում կազմակերպել ադամանդագործության և ոսկերչության մեծ արտադրություն, մեզ հատկացվել է որոշակի գումար վարկ: Նա նշեց, որ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, ինչից հետո իրենց լիցենազավորել են, սպասել են վարկին:
Փայլակ Հայրապետյանն ասաց, որ Աշոտ Սուքիասյանին առաջին անգամ հանդիպել է խորհրդակցության ընթացքում, որի ընթացքում հայտնել են, որ ստացել են հումքի տեսակները, Աշոտ Սուքիասյանին ուղարկել են Մոսկվա, ով տեսել է, որ տվյալ հումքը ո՛չ որակական, ո՛չ գնային առումով չի համապատասխանում:
Ըստ նրա` Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է, թե Աֆրիայում անդամանդի և ոսկու հանքեր ունի, կարող է ՀՀ հումք ներկրել, կարող է նմուշներ բելեր: 2 օր անց, ըստ Փայլակ Հայրապետյանի, բերվել են նմուշները, բոլորը հավանել են, պայմանավորվել հետագայում խոսել գնի մասին: «Հարցը հասավ նրան, որ ներդրամն հարց լուծվի:
Նստած էին բոլորը, ես ասացի` եթե այս ամեն ինչը իրականություն է, ես կարող եմ իմ ունեցածը դնել, եթե Հայաստանում 10 հազար բանվոր աշխատի»,- ասաց նա` ներկայացնելով հետագա իրադարձությունների ընթացքը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց զգացել, որ խափված է, կորցրել է իր ունեցածը:
«Մենք վստահել ենք, բացարձակ վստահություն… Աշոտ Սուքիասյանը, քանի որ պետական այրերի հետ` վարչապետ կար այնտեղ, այնտեղ Կճոյան կար, այնտեղ սրբություններ կային… Մնում էինք Աշոտենց տուն` Սուրբ Սարգսի խաչը դրած էր, պիտի մոմ վառեինք, խաչ անեինք, համբուրեինք: Մենք ասում էինք` էս սուրբ տեղերը ոնց ենք եկել: Սա էլ իրեն սրբի տեղ էր դրել: «Խաչագողի հիշատակարանը» դուք կարդացած կլինեք: Նույն վարիանտով` սրբի գրքերը դրած, ինձ խաբել է: Բացարձակ խաբեություն»»:
«Նստած եմ հիմնարկում, երեկոյան ժամը 4:3-5-ն էր, զանգ տվեցին խանութից, թե 40 միլիցիոներով, զենքով-զրահով, ավոտոմատներով եկել են խանութը վերցնելու: Մտել են խանութի ամբողջ աշխատողներին միլիցիայի օգնությամբ հանել են դուրս, դուռը փակել են»,- իր գույքի մի մասը կորցնելու մանրամասները ներկայացնելով ասաց Փայլակ Հայրապետյանը` նշելով, որ դրանից հետո իրեն հրավիրել են բանկ, որտեղ իրեն ասել են, որ Աշոտ Սուքիասյանը մուծումներ չի կատարում, դրա համար վերցրնում են իր ունեցածը, իսկ Աշոտ Սուքիասյանին զանգելուց նա նա ասել է, որ առավոտյան որոշակի գումար կմուծի. «Երբ գնում էի Աշոտենց տուն (ասում էի` Աշոտ, կգամ, մի հատ տեսնենք` ինչ է լինում), ես մինչև գնում էի, Կճոյանն այստեղ նստած էր լինում: Խոսել հնարավոր չէր, դե սուրբ հայր է, չէ՞, նրա ներկայությամբ ես ի՞նչ պիտի խոսեի»:
Հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 16-ին, կողմերը հարցեր կուղղեն Փայլակ Հայրապետյանին: