Մինսկում կայացել են Ուկրաինայում սպառազինությունները հետ քաշելու վերաբերյալ բանակցությունները
Տանկերն ու ականանետերը Ուկրաինայի արևելքում հակամարտության գծից հետ տանելու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել երկու շաբաթ անց՝ Մինսկում կայանալիք հաջորդ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիքը:
Վերջինս այս մասին հայտնել է Մինսկում ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող մամուլի համար փակ ռեժիմով անցկացված ենթախմբերի նիստից հետո, որը նվիրված է եղել Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարտին Սայդիքի խոսքով՝ հանդիպումների ժամանակ քննարկվել են անջատողականների կողմից վերահսկվող տարածքներում ջրամատակարարմանը, կենսաթոշակների վճարմանը, առողջապահությանը վերաբերող հարցեր:
Ենթախմբերի հանդիպումները անվանվել են կոնստրուկտիվ: Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ եռակողմ կոնտակտային խումբը մինսկյան հանդիպումներից մեկ օր առաջ հանդիպում էր ունեցել Կիևում: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից: