
«Հոգեբուժության ոչ մի գրքում աղանդավորների ունեցած շեղումների մասին չես գտնի». Ա. Ներսիսյան

Հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դավանաբանության վրա հիմնված շեղումը դեղորայքը չի բուժում. «Աղանդավորությունը ճշմարիտ հավատի հետ կապ չունի, այն հավատի քողի ներքո թաքնված բիզնես է: Այնտեղ ամեն ինչ սխալ է մեկնաբանվում ու սխալ է մատուցվում, ինչը բացասական հետևանք է թողնում մարդու առողջության վրա: Բայց եթե մենք մարդուն, օրինակ, ուսուցանենք սխալ ֆիզիկա, քիմիա կամ աստղագիտություն, ապա մարդը դրանից շեղում չի ստանա: Մարդկանց մի մասը արդեն շեղումներով է հարում որևէ աղանդի, իսկ մյուս մասը կարող է սխալ մեկնաբանության տակ ունենալ դեպրեսիա և գործել ինքնասպանություն»:
Ա. Ներսիսյանը հետաքրքրիր օրինակներ վկայակոչեց, թե ինչպիսի հոգեվիճակում են իրեն դիմում աղանդավորական կառույցներից տուժած մարդիկ. «Ավետարանչական աղանդից տուժած մի հիվանդ ծանր դեպրեսիայի մեջ էր, որովհետև իրեն թվում էր՝ փրկված չէ: Նարեկացու միջոցով նա լիովին ապաքինվեց և դուրս եկավ այդ դեպրեսիայից: Հոգեբուժության ոչ մի գրքում աղանդավորների ունեցած շեղումների մասին չես գտնի, դրանք հիմնականում կապված են դավանաբանության սխալ մեկնության հետ, ինչն էլ մարդու մեջ առաջացնում է շեղում:
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հարազատները դիմել են, բայց ոչ մի կոնտակտ, ոչ մի օգնություն իմ կողմից չի եղել, որովհետև պետք է լինի տվյալ անհատի կամքն ու ցանկությունը»: