Ինչպես են բացում Բաղրամյան պողոտան և բերման ենթարկում ակտիվիստներին
Այսօր ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան: Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով»:
Երևանի փոխստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մի քանի անգամ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին հորդորեցին շարունակել իրենց հավաքը փողոցի ոչ երթևեկելի մասում կամ տեղափոխվել Ազատության հրապարակ: Ակտիվիստները խնդրում էին ոստիկանությանը իրենց առաջարկները ներկայացնելու համար ժամանակ տալ մինչև երեկոյան 19:00-ն, սակայն ոստիկաններն ասում էին, որ ժամկետն արդեն տրվել էր՝ մինչև 12:30-ը:
Վ. Օսիպյանը և Հ. Պողոսյանը մի քանի անգամ կրկնեցին, որ իրենք բռնություն չեն գործադրելու ու հորդորեցին ցուցարարներին չտրվել սադրանքներին: Ցուցարարներն էլ իրենց հերթին էին հորդորում ոստիկաններին չսադրել մարդկանց: Ոստիկանները նախ ապամոնտաժեցին աղբամաններից կազմված բարիկադները, այնուհետև մոտեցան ցուցարարների կազմած պատնեշին: Ցուցարարներն էլ նստեցին փողոցի մեջտեղում, սակայն ոստիկանները նրանց բռնի ուժով բերման ենթարկեցին:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում էին նաև պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս են եղել, որոնք անմիջապես ազատ են արձակվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: