«Խփել էիր ուզում, առ քեզ խփել». Կինը մահացել է ամուսնու կողմից հասցված` դանակի 14 հարվածից

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` ամուսինը մեղավոր է ճանաչվել կնոջը սպանելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Երիտասարդ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է կնոջը:

Ըստ մեղադրանքի` նա, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իրենց տան հյուրասենյակում, կնոջ կողմից համակարգչի միջոցով համացանցում երկար ժամանակ անցկացնելու պատճառով, նախատել է վերջինիս և քնելու նպատակով պահանջել է բացել անկողինը, իսկ կինը` չկատարելով պահանջը, շարունակել է զբաղվել համակարգչով:

Այդ պատճառաբանությամբ ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է խոհանոցում, որի ժամանակ կինը, գտնվելով նյարդայնացած վիճակում, խոհանոցից վերցրել է դանակ և ամուսնուն առաջարկել է հարվածել իրեն, իսկ վերջինս նույն ժամանակ խլել է դանակը, վնասել իր աջ դաստակի ափային մակերեսները և այն տվել տվյալ պահին տանը գտնվող իրենց բարեկամին:

Կարդացեք նաև

Ըստ մեղադրանքի` այնուհետև, իրեն անպատվելու և ամուսնալուծության հարց բարձրացնելու պատճառով` տղամարդը, խոհանոցից վերցնելով դանակ, ապօրինաբար կնոջը սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո, նկատելով բարեկամին և անչափահաս որդուն, հայտնել է, որ կնոջը չի հարվածում, ապա նրանց` տանից դուրս գալուց հետո, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, շարունակել է դանակով հարվածել կնոջը, իսկ դանակի շեղբը կոտրվելուց հետո խոհանոցից վերցրել է այլ դանակ և կրկին հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ընդհանուրը` դանակի գործադրմամբ կատարել 14 հարված, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, որոնց արդյունքում կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներից` գիտակցության չգալով, մահացել է։

Դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ կնոջ մայրը նրան նոութբուք համակարգիչ է նվիրել:
Կնոջ վարքագծից ելնելով՝ սկսել է կասկածել նրան դավաճանության մեջ, քանի որ նա համակարգչի միջոցով ծանոթացել է Մարատ անունով մի տղայի հետ: Կինն առավոտից մինչ գիշերվա ժամը 1-2-ն անցկացրել է համակարգչի առաջ:

Կնոջ հեռախոսի մեջ կարդացել է տարբեր բնույթի սիրային նամակներ: Պարզել է, որ կինը լիցքավորել է Մարատի հեռախոսը, որոնց կապակցությամբ իր և կնոջ մեջ վիճաբանություններ են եղել: Այդ մասին տեղյակ է պահել զոքանչին և աներորդուն: Նրանք եկել հաշտեցրել են իրենց: Ինքը և զոքանչը հեռախոսով խոսել են Մարատի հետ, ասել են, որ՝ ընտանիք ես քանդում, հեռու մնա: Կինը շփումներ է ունեցել նաև նախկին ընկերոջ հետ:

Ըստ դատարանի վճռի` տղամարդը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը գնացել են խաշ ուտելու, սակայն օղի չի օգտագործել, ցերեկն իրենց տուն է եկել իր քենակալը, և մի-մի բաժակ օղի են օգտագործել: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ նրանք ֆոտոշոփի միջոցով նկարներ են ձևավորել, ինքը կնոջն ասել է, որ՝ «մի հատ տեղը բացի, պառկեմ»: Կինը պատասխանել է, թե՝ «երբ են օրերը տաքանալու, որ գնաս Երևան», որի պատճառով լեզվակռիվ է ծագել իրենց միջև, որի ժամանակ կինը սկսել է վիրավորել իրեն, անվանելով անինքնասեր, անտեր շուն, վերցրել է բջջային հեռախոսը, որ զանգահարի մորը, սակայն ինքը վերցրել է կնոջ ձեռքից, կինը գոռացել է վրան, որ գնա տանից, չի ցանկանում հետն ապրել: Ինքը հանգստացրել է նրան:

Վիճաբանությունը շարունակվել է նաև խոհանոցում, որի ժամանակ կինը գագաթիակի միջի փոշին շպրտել է իր դեմքին, ապա բերելով երկար դանակը, որը կոթից է բռնած եղել՝ շեղբը պահած իր ուղղությամբ, ասել է «տիա, խփի ինձ»: Ինքը բռնել է դանակի շեղբից և քաշել դեպի իրեն, որի ժամանակ վնասել է աջ ձեռքի ցուցամատը և ճկույթը: Դանակը վերցրել, դրել է սեղանին:

Դրանից հետո կինը կրկին ասել է, որ պետք է բաժանվի, և անպատվել է իրեն՝ ասելով, որ՝ «ելի սիքտիր եղիր, հեռախոսս էլ տուր, անտեր շուն, թքեմ վրեդ», ձեռքով հարվածել և կոտրել է խոհանոցի դռան ապակին, դրանից հետո ինքը ոչինչ չի հիշում:
Հիշում է, որ արյուն է տեսել կնոջ պարանոցին, սթափվել՝ տեսել է, որ դանակն իր ձեռքում է, և ասել է. «Էս ի՜նչ արեցիր»: Ինքը չի ցանկացել կնոջը սպանել, կատարածի համար զղջում է:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են և նպատակ են հետապնդում քրեական պատժից և պատասխանատվությունից խուսափելու, իսկ նրան առաջադրված մեղադրանքը հաստատված է համարել` վկայակոչելով որոշ ապացույցներ, այդ թվում՝ ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով, ըստ որոնց` գիշերը ժամը 22:00-ի սահմաններում, երբ նրանք ֆոտոշոփի միջոցով նկարներ են ձևավորել, ինքը կնոջն ասել է, որ՝ «մի հատ տեղը բացի, պառկեմ», որն էլ պատասխանել է, թե՝ «այնքան որ ինձ սայթի մեջ տեսնես, կմեռնես, կուռես», ապա ասել է, որ սխալ բան է ասում և «տեղերը բացի», որն էլ պատասխանել է, թե «երբ են օրերը տաքանալու, որ գնաս Երևան», որի պատճառով լեզվակռիվ է ծագել իրենց միջև, որի ժամանակ կինը սկսել է վիրավորել իրեն՝ անվանելով անինքնասեր, անտեր շուն: Կինը վերցրել է բջջային հեռախոսը, որ զանգահարի մորը, սակայն ինքը վերցրել է կնոջ ձեռքից հեռախոսը, կինը գոռացել է վրան, որ գնա տանից, չի ցանկանում հետն ապրել, որին ինքը պատասխանել է, որ՝ «ի՞նչ ես ընկել հետևիցս, ի՞նչ ես ուզում ինձանից, թող խելոք ապրենք»:

Ըստ դատարանի վճռի` նախաքննության ընթացքում տղամարդը հայտնել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել խոհանոցում, կինն ավել ու սավոկով մաքրելիս է եղել հատակը և սավոկի միջի փոշին շպրտել է իր դեմքին, ապա խոհանոցից բերելով երկար դանակը, որը կոթից է բռնած եղել՝ շեղբը պահած իր ուղղությամբ, ասել է՝ «տիա, խփի ինձ»: Ինքը բռնել է դանակի շեղբից և քաշել դեպի իրեն, որի ժամանակ վնասել է աջ ձեռքի ցուցամատը և ճկույթը, բռնել է կնոջը, գրկել և ասել, որ խելոք մնա, դանակը վերցրել և դրել է սեղանին:

Դրանից հետո, երբ կինն ասել է, որ պետք է բաժանվի, և անպատվել է իրեն՝ ասելով, որ «ելի, սիքտիր եղիր, հեռախոսս էլ տուր», ձեռքով հարվածել և կոտրել է խոհանոցի դռան ապակին, ինքը պատասխանել է, որ՝ «ինձ այս աստիճանի դու և մերդ հասցրեցիք», վերցրել է սեղանի վրայի երկար դանակը և դրանով հարվածել նրա վզին, մեջքին, կողքին, կրծքավանդակին, հիշում է, որ մի երեք-չորս տեղ կպել է, չի հիշում, թե որ դանակով նրա մարմնի որ մասին է հարվածել:

Կինը գոռացել է, նստել աթոռին և մնացել աթոռի վրա: Ձեռքի դանակը, եթե չի սխալվում, կոտրվել է կոթի մոտից, պահարանի վրայից վերցրել է փոքր դանակը, դրանով մեկ անգամ խփել է նրա վզին, որից արյունը շիթով ցայտել է, և ինքը դուրս է եկել տանից: Որդուն հաջող է արել և գնացել Ոստիկանության բաժին, իսկ որպես մեղադրյալ՝ ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ կինն է իրեն հասցրել, որ ինքը դանակներով հարվածի և սպանի:

Չի ցանկացել նրան սպանել, որի համար զղջում է, պնդել է նախկինում տված ցուցմունքը և մի անգամ ևս հայտնել, որ դանակով մի անգամ հարվածել է կնոջ թիկունքին, որից դանակը կոտրվել է, ապա վերցրել է բարակ փոքր դանակը և դրանով դեռևս կանգնած դիրքում հարվածել կրծքավանդակի աջ մասին, իսկ կինը շարունակել է քաշքշել իրեն, որի համար, երբ հրել է կնոջը, վերջինս նստել է խոհանոցում իր մատնանշած աթոռի վրա, և դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա պարանոցին, իսկ մարմնի այլ մասերին դանակով հարվածելը չի հիշում, քանի որ պարանոցից արյունը ցայտելուն պես վախեցել և փախել է:

Մեկ այլ անգամ տղամարդը ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ դիտավորություն չի ունեցել սպանելու կնոջը: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված մի շարք հանգամանքներ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը ոգելից խմիչք օգտագործել է շատ քիչ քանակությամբ, դեպքից շուրջ 7 ժամ առաջ, խմածություն չի ունեցել:

Դանակը երկրորդ անգամ դարձյալ կինն է վերցրել և փորձել իրեն հարվածել, որի ժամանակ ինքը նրա ձեռքից դանակը վերցրել է, վնասել մատները, նոր դրանից հետո դանակով հարվածել է կնոջը: Ինքը կնոջ վզի արյունը տեսնելուց հետո սթափվել է և գոռալով դուրս վազել տանից:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի մայրը, հայտնել է, որ դստեր ամուսինը   սեր է ունեցել ալկոհոլային խմիչքների նկատմամբ և վերջին ժամանակահատվածում հաճախակի վիճաբանել է իր աղջկա հետ:
Երկու տարի առաջ, երբ նրանք երկուսով բնակվել են Երևան քաղաքում, եղել են դեպքեր, երբ կնոջ ամուսինը վիճաբանության ժամանակ կնոջ գլխին շիշ, ափսե է կոտրել, որից հետո աղջիկը ժամանակավորապես բաժանվել է նրանից, սակայն կրկին միացել են: Դեպքի օրն աղջիկը եկել է իրենց տուն, լողացել, ապա վերադարձել են տուն, երեկոյան զանգահարել և որդուն ասել են, որ կնոջ ամուսինը դանակահարել է աղջկան: Ինքը և որդին անմիջապես գնացել են աղջկա տուն, տեսել են աղջկան անգիտակից գետնին ընկած վիճակում: Մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն աղջիկն արդեն մահացած է եղել:
Դեպքի կապակցությամբ կնոջը մորը պատմել են, որ կնոջ ամուսինը եղել է մի երկու բաժակ ալկոհոլ օգտագործած վիճակում: Վիճաբանություն է սկսվել աղջկա և փեսայի միջև:  Վիճաբանության ընթացքում աղջիկը կատարվածից հոգնած՝ ամուսնուն ասել է, թե՝ «ինչ կուզես, սպանիր, ես էլ պրծնեմ, դու էլ», և այդ պահին կնոջ ամուսինը թոռնիկի ներկայությամբ դանակով հարվածել և հեռացել է տանից:

Վկաներից մեկը նշել է, որ սպանվածն իր հորեղբոր աղջիկն է, իսկ ամբաստանյալը` իր մորեղբոր տղան է, որոնք մոտ ութ տարի առաջ ամուսնացել և համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա:

Դեպքի օրը տուժողը բացել է իր օդնոկլասսնիկի էջը, իրենց նկարներից մի քանիսը ներբեռնել իր համակարգչի մեջ: Ինքը սկսել է ձևավորել նկարները:
Նկարները ձևավորելուց հետո կանչել են ամբաստանյալին, ցույց են տվել նկարները, ով կնոջն ասել է, որ հերիք է համակարգչի դիմաց նստի, և փնթփնթալով գնացել է խոհանոց` ասելով, որ համակարգչի փոխարեն՝ ավելի լավ է տները մաքրի, և նրան փնթի է անվանել: Տուժողը պատասխանել է, որ՝ փնթին քույրդ է, իսկ ամբաստանյալը, նեղվելով, որ քրոջը փնթի է անվանել, վիրավորական խոսքեր է ասել կնոջ հասցեին, սկսել են վիճաբանել, վիրավորել միմյանց: Սպանվածը ցանկացել է զանգահարել մորը, սակայն ամբաստանյալը ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը՝ չի թողել, որ զանգահարի: Տուժողը ցանկացել է տանից դուրս գալ, սակայն ամբաստանյալը չի թողել, մի պահ հանգստացել են: Ինքը նրանց երեխայի հետ գնացել է խոհանոց, իսկ նրանք մնացել են հյուրասենյակում:

Մի երկու րոպե անց նկատելով, որ նրանք կրկին վիճաբանում են, վերադարձել է հյուրասենյակ, որի ժամանակ տուժողն ահավոր ագրեսիվ է եղել, բարձր ձայնով գոռգոռացել, դարձել է անկառավարելի, իսկ ամբաստանյալն ամեն կերպ փորձել է հանգստացնել նրան՝ ասելով, թե՝ ինչո՞ւ ես ուզում կռիվ անես: Տուժողը պատասխանել է, որ՝ կամ դու գնա տնից, կամ էլ ինձ թող գնամ: Ամբաստանյալը փաթաթվել է կնոջը, սակայն նա հրել է ամուսնուն, և երկուսով գնացել են խոհանոց: Ինքը և երեխան նույնպես գնացել են նրանց մոտ: Տուժողը խոհանոցի պահարանի վրա դրված դանակների տեսականիից, որոնք, իր հիշելով, չորսն են եղել՝ փոքրից մեծ, վերցրել է ամենամեծ դանակը և տվել ամուսնուն ու ասել, «խփի՝ մեռնեմ, պրծնեմ քեզանից, հիասթափվել եմ քեզանից, գնա հորդ պես բանտ նստի», որից հետ ամբաստանյալը վերցրել է դանակը և ասել՝ «կխփեմ»: Ինքը ձեռքը մեկնել է, որ վերցնի դանակը, սակայն ամբաստանյալն իր կամքով այն տվել է իրեն, և ինքը դրել է փայտե ամանի մեջ:

Վկան, ըստ դատարանի վճռի, կրկին փաթաթվել է կնոջը, որ հաշտվեն, և եկել են հյուրասենյակ: Տուժողը գնացել է խոհանոցն ավլելու, ամուսինը գնացել է նրա մոտ: Ինքը և երեխան նույնպես գնացել են նրանց մոտ, որի ժամանակ ամուսինը կատակով կնոջ նմանակումներն է կատարել, տնազն է արել, որից կինը վրդովվելով՝ սավոկով աղբը նետել է ամուսնու դեմքին:

Վերջինս զայրանալով՝ մեկ կամ երկու անգամ ապտակել է տուժողին, որը ագրեսիվանալով՝ աջ ձեռքի արմունկով խփել և կոտրել է խոհանոցի դռան ապակին, սակայն ձեռքը չի վնասվել: Այդ ժամանակ նրանց որդին լաց է եղել: Ինքը երեխային տարել է հյուրասենյակ: Որոշել է նրանց երկուսին մենակ թողնել, որպեսզի ամուսիններով իրար հասկանան և հաշտվեն: Այնուհետև խոհանոցից ձայներ է լսել և վազել է այդ ուղղությամբ:

Մինչ խոհանոց հասնելը լսել է, որ Գրիգոր Գրիգորյանն ասել է. «խփել էիր ուզում, առ քեզ խփել», այդ պահին, երբ ինքը և երեխան մտել են խոհանոց, տեսել է, որ տուժողը կանգնած է եղել խոհանոցի վերջում՝ պատի մոտ, դեմքով դեպի իրեն, իսկ ամբաստանյալը` նրա դիմաց, մեջքով դեպի իրեն և երեխային, ձախ ձեռքով բռնել է տուժողին, իսկ աջ ձեռքով հարվածել է նրան:

Ինքն ամբաստանալի աջ ձեռքը քաշել է և ձեռքին տեսել է սև բռնակով դանակը:
Ինքը հարցրել է, թե՝ խփում ե՞ս, որն էլ շրջվելով իր և երեխայի կողմը՝ պատասխանել է, որ՝ «չէ», գլխով աջ ու ձախ արել՝ նշան անելով, որ չի խփում, աչքով է արել ու աջ ձեռքով, որով որ բռնել է դանակը, հրել է իրեն: Ինքը վախենալով, որ իրեն էլ կարող է դանակով հարվածի, երեխայի ձեռքը բռնած փախել է հյուրասենյակ, վերցրել տուժողի բջջային հեռախոսը, երեխայի հետ դուրս են եկել տանից, զանգահարել են տուժողի եղբորը և ասել, որ արագ հասնի: Ապա գնացել են փողոցի կողմը՝ մտածելով, որ ինքը տեսել է, թե ինչպես ամբաստանյալը դանակով հարվածել է կնոջը, հնարավոր է՝ իրեն էլ խփի, սպանի: Փողոցի կողմում իրեն է մոտեցել մի մարդ, որը գոռացել է՝ Շտապօգնություն կանչեք, սակայն ոչ մեկը չի զանգահարել:

Տուժողի հարևաններից մի կին մոտեցել է իրեն և ասել, որ երեխային տանի իրենց տուն, սակայն երեխան լացելով ասել է, որ հանկարծ մաման չմեռնի:
Այդ ժամանակ նկատել է, որ ամբաստանյալը տանից դուրս է եկել և հեռացել է:
Մի քանի րոպե անց եկել են տուժողի եղբայրն ու մայրը, մտել են տուն և տեսել են, որ խոհանոցում, գետնին անգիտակից վիճակում ընկած է տուժողը` ամբողջովին այրան մեջ, վզի շրջանում՝ վնասվածք, բերանից փրփուր է եկել:

Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս