Բաժիններ՝

«Պետք են նոր քայլեր, որպեսզի իշխանությունն արձագանքող լինի». Դանիել Իոաննիսյան

«Ես ամեն երեկո լինում եմ Բաղրամյան պողոտայի վրա, իրոք, չգիտեմ՝ իրենք ինչ են պատրաստվում առաջարկել ժողովրդին ժամը 21:00-ին, բայց այսօր կլինեմ Բաղրամյանում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսվող հավաքի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօր իրենք սկսելու են շարժման վճռական փուլը, և ժամը 21:00-ից հայտարարվելու է շարժման համակարգող խմբի որոշումը, որը ներկայացնելու են ժողովրդին ու ժողովրդի կարծիքը լսելուց հետո՝ անցնելու են վճռական քայլերի:

Մեր հարցին՝ Դուք տեսնո՞ւմ եք ինչ-որ վճռական քայլերի անհրաժեշտություն այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Դ. Իոաննիսյանը պատասխանեց, որ ինքը նոր քայլերի անհրաժեշտություն է տեսնում. «Հարցն այն չէ՝ դրանք կլինեն վճռակա՞ն, թե՞ ոչ վճռական, բայց նոր քայլերի կարիք կա, որովհետև, եթե առաջին մի շաբաթը նախաձեռնող կողմը մենք էինք, ապա հաջորդ շաբաթ նախաձեռնող կողմն իշխանությունն է, և այդ իմաստով նախաձեռությունը պետք է գտնի ինչ-որ գործողություններ անելու ձևը, որպեսզի իշխանությունն արձագանքող լինի»:

Ըստ մեր զրուցակցի՝ ամեն դեպքում այս շարժումը հաղթած է, որովհետև շարժումը ցույց տվեց իշխանություններին, որ ժողովրդի կամքը շատ կարևոր է, և ժողովուրդը կարող է իր կամքը թելադրել. «Ժողովուրդը ցույց տվեց, որ, եթե մենք ուզում ենք՝ Բաղրամյանը փակ լինի, ուրեմն՝ Բաղրամյանը փակ կլինի: Այդ իմաստով ժողովուրդը հաղթեց, և հաղթեց կարծրատիպը: Անկախ նրանից, թե հիմա ինչ կլինի, ես կարծում եմ, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս