Անխել Դի Մարիան պետք չէ «Բավարիային»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Գերմանիայի չեմպիոնների հետաքրքրությունների ոլորտում չէ:
Դառնալով բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային տրանսֆերի հերոսը` Դի Մարիան Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին իսկ մրցաշրջանում չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները: Դրա համար էլ զարմանալի չէ, որ ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Օլդ Թրաֆֆորդից արգենտինացու հնարավոր հեռանալու մասին:
Դի Մարիայի կարիերայի շարունակության հավանական տարբերակներից մեկը նշվում էր մյունհենյան «Բավարիան», սակայն գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացրել է, որ հետաքրքրված չէ այդ ֆուտբոլիստով:
«Ինձ պետք չէ դիտել Արգենտինայի հավաքականի խաղերը, չէ՞ որ ես շատ լավ գիտեմ նրանց և գիտեմ նրանց խաղային ոճը,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Goal.com-ը: -«Մանչեսթեր Յունայթեդը» հենց այնպես չէ, որ այդքան մեծ գումարներ վճարեց, չէ՞ որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Բայց և այնպես այդպիսի տրանսֆերային գները երբեմն շոկ են առաջացնում»:
Երբ Պեպին ուղիղ հարցրին՝ արդյո՞ք նա հետաքրքրված է Դի Մարիայի ծառայություններով, նա պատասխանեց կարճ և հստակ. «Ոչ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը