
Մենք ունենք բիզնեսի ու իշխանության տարանջատման խնդիր. Բագրատ Ասատրյան

Անցած տարի մայիսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց գործարարներին ու ստվերից դուրս գալու, թափանցիկ աշխատելու խնդիր դրեց: ՀՀ պաշտոնյաներն այս ընթացքում պնդում են, թե ստվերի կրճատման գործընթացը հաջողվել է և շարունակվում է:
168.am-ը 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում «ստվերի դեմ պայքարի» գործընթացը:
«Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում առաջնայինը ստվերի խնդիրն է: Այդ խնդիրը կա, բայց եղած խնդիրների շարքում դա 50-րդն է: Իրականում համակարգային, ֆինանսական, տնտեսական խնդիրներն են կարևոր, որ պետք է լուծում ստանան: Ստվերը հնչողություն ունի, բայց տրվող լուծումները երբեք էլ արդյունավետ չեն: Եթե կոռուպցիան չի վերացվում, մենաշնորհների դեմ չեն պայքարում, եթե Սահմանադրությունը խախտվում է, պառլամետում իշխող կուսակցության ո՞ր մասն իրավունք ունի այնտեղ լինի: Եթե այս ամեն խախտումները կան, ստվերը երրորդական ու հազարերորդական խնդիր է»,- ասաց Բ.Ասատրյանը:
Ըստ նրա՝ ի վերջո ստվերը բյուջե չմուտքագրվող ֆինանսների խնդիրն է, որը տնտեսության մեջ է շրջանառվում. «Եթե մյուս լուծումները տան, դրանից հետո ինքնաբերաբար այդ խնդիրը կլուծվի: Մենք ունենք բիզնեսի ու իշխանության տարանջատման խնդիր: Եկեք այս խնդիրը լուծեք, կտեսնեք, որ ստվերը միանգամից կկրճատվի 5 անգամ ու ավելի»: