ԼՂՀ ճանապարհային ոստիկանապետը խիստ հանձնարարականներ է տվել

Նախօրեին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ:
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցամաբ՝ խորհրդակցության օրակարգը նվիրված էր գրանցված մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության և դրանք նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ զեկույցներ են ունեցել նաև վաշտի, դասակի և ջոկի հրամանատարները: Ճանապարհային ոստիկանության պետը, մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ճանապարհատրանսպորտային պատահարները, նախանշել է այն հիմնական միջոցառումները, որոնք կարող են կանխարգելել դրանք՝ հատուկ կանգ առնելով պրոֆիլակտիկ բացատրական, քարոզչական և կանխարգելիչ աշխատանքներին:

Ճանապարհային ոստիկանության ծառայողներին փոխանցելով մարմնական վնասվածքների առաջացմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության պետի խիստ մտահոգությունները՝ ճանապարհային ոստիկանության պետը հրապարակել է ոստիկանության պետի ցուցումը՝ 4 ճանապարհապարեկային վերակարգերի ընդգրկմամբ շաբաթական չորս տարբեր օրերի և ժամերի, փոփոխական հարաբերակցությամբ հանրապետության տարբեր ճանապարհահատվածներում իրականացնել ստուգայցեր:

Ճանապարհային ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրել է ոստիկանության պետի ցուցումը՝ ուժեղացնել ծառայությունը հանգստյան գոտիների մերձակա ճանապարհահատվածներում, անզիջում գտնվել հատկապես անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարողների և սահմանված արագությունը գերազանցող վարորդների նկատմամբ, հակառակ դեպքում՝ ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարող և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ոչ բավարար ցուցանիշներ արձանագրած պատասխանատուները կհեռացվեն զբաղեցրած պաշտոններից:

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս