Պետեր Չեխ. «Խաղ «Չելսիի» դե՞մ: Դաշտում ընկերությունը վերջանում է»
«Արսենալի» նորեկը հայտարարել է, որ իր` «Չելսիից» հեռանալու որոշումը շատ դժվար է եղել:
33-ամյա դարպասապահի համար «Արսենալը» վճարեց 15,4 մլն եվրո, իսկ պայմանագիրը կնքվել է 4 տարով: «Արսենալի» կազմում առաջին խաղը Չեխը կարող է խաղալ «Չելսիի» դեմ` Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում:
«Երևի թե «Չելսիից» հեռանալու որոշումն ամենաբարդն էր, բայց անցյալ տարի ես հասկացա, որ հիմա իմ կարիերայի այն ժամանակահատվածը չէ, երբ ես պատրաստ եմ նստել փոխարինողների նստարանին:
Ես ուզում եմ խաղալ, ուզում եմ մրցակցել թիմի կազմում տեղ ունենալու համար և լինել թիմին օգտակար` ամեն շաբաթ դաշտ դուրս գալով:
Առաջին խաղը լինելու է «Չեսլիի» դե՞մ: Մտածում եմ՝ երկրպագուների համար ավելի լավ սցենար չէր էլ լինի հնարել, որովհետև այդ օրն ինձ համար կլինի միաժամանակ և՛ հետաքրքիր, և՛ անսովոր:
Խաղալով «Չելսիում» 11 տարի, հասնելով նման հաջողությունների և պահպանելով հրաշալի հիշողություններ, հայտնվել բարիկադի մյուս կողմում` դա շատ անսովոր զգացումներ կառաջացնի իմ մեջ:
Մրցաշրջանի ընթացքում կարելի է խաղալ ընկերներիդ, լավ և մոտիկ ընկերներիդ դեմ, բայց դաշտում ընկերությունը վերջանում է, և դու կենտրոնանում ես միայն հաղթանակի վրա»,- հայտարարել է Չեխը:
Անցած ամբողջ մրցաշրջանում Չեխը «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 16 հանդիպում: Չեխը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2004-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը