Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին կուրանում է
Ռուս ուռուցքաբանները մեկնաբանել են օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու խոսքի և տեսողության հետ կապված խնդիրների մասին տեղեկությունը։ Նրանց կարծիքով՝ կարևորը թանկարժեք ժամանակն արդյունավետորեն օգտագործելն է, գրում է dni.ru-ն։
Ուռուցքի տեսակը, որը ախտորոշվել է հայտնի երգչի մոտ, չի նշվում, սակայն հենց դրանից է կախված, թե ինչպիսին կլինի բուժումն ու թե որքան արագ նա կսկսի առողջանալ: Լուրեր են տարածվել, թե Խվորոստովսկին լուրջ խնդիրներ ունի տեսողության և խոսքի հետ, իսկ շարժումները դժվարացել են:
«Գոյություն ունեն երկու խիստ տարբեր տեսակներ՝ առաջնային ուռուցքներ, որ ձևավորվում են հենց գլխուղեղի հյուսվածքներում ու երկրորդային, որոնք սկզբնավորվում են այլ օրգաններում: Այդ դեպքում նորագոյացությունները հաճախ կրում են չարորակ բնույթ ու մետաստազներ են տալիս»,-ասել է Մոսկվայի կլինիկաներից մեկի նյարդաուռուցքաբան Վյաչեսլավ Զաբրոդինը: Նրա խոսքով՝ կարևորը ժամանակ չկորցնելն է:
Ռուսաստանը շոկի մեջ է հայտնվել Խվորոստովսկու հիվանդության մասին լուրից:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ երգչի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք: Հիվանդության հետևանքով արտիստը մինչև ամառվա վերջ հետաձգել է իր բոլոր ելույթները:
Խվորոստովսկին հրաժարվել է ֆինանսական աջակցությունից՝ հայտարարելով, թե ունի անհրաժեշտ միջոցներ բուժման համար: