Բաժիններ՝

2014 թվականին աշխարհում իրականացվել է 13463 ահաբեկչական հարձակում

2014 թվականին աշխարհում իրականացվել է 13463 ահաբեկչական հարձակում, ինչը 2013 թվականի համեմատ 35 տոկոսով ավելի է:

Ահաբեկիչների ձեռքից զոհվել է ավելի քան 32,7 հազար մարդ, ավելի քան 34,7 հազարն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավելի քան 9,4 հազար մարդ առևանգվել է կամ պատանդ վերցվել: 2013թ. համեմատ զոհերի թիվն ավելացել է 81 տոկոսով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի միջազգային ահաբեկչությանը վերաբերող զեկույցում, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկին»:

Ինչպես նշվում է, Սիրիայում քաղաքացիական պատերազմը դարձել է գործոններից մեկը, որը նպաստել է ահաբեկչության ակտիվացմանը համաշխարհային մասշտաբով: Սիրիայի պատերազմին մասնակցելու համար երկիր է ժամանել մոտ 16 հազար քաղաքացի աշխարհի ավելի քան 90 երկրից:

Դա ավելի շատ է, քան Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, Եմենում ու Սոմալիում ահաբեկչական խմբավորումներին միացած արտասահմանցիների թիվը վերջին 20 տարվա մեջ ցանկացած տարում:

Զեկույցում նշվում է, որ անցած տարի նկատվել են նոր միտումներ՝ ուժեղացել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը: Բազմաթիվ կառավարությունների թուլությունը, որոնք ի զորու չեն արդյունավետորեն պաշտպանել իրենց քաղաքացիներին, հանգեցրել են արմատականների ուժեղացմանը, Սիրիայում, Լիբիայում, Նիգերիայում ու Իրաքում բռնությունների ալիքի մեծացմանը:

Նշվում է նաև, որ 2014թ. թուլացել է «Ալ-Քաիդան», ինչի պատճառը այդ կառույցի բազմաթիվ առաջնորդների ոչնչացումն է ու ԴԱԻՇ-ի ազդեցության մեծացումը:
Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են, որ ապագայում կարելի է ակնկալել ջիհադական խմբավորումների ակտիվացում Արևմուտքի երկրներում համախոհներ ներգրավելու նպատակով:

Նշվում է նաև, որ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ «Հեզբոլլահը», ՀԱՄԱՍ-ն ու Պաղեստինյան իսլամական ջիհադը:
2014թ. ահաբեկչական ակտեր են իրականացվել աշխարհի 95 երկրներում, սակայն այդ հարձակումների մոտ 60 տոկոսը իրականացվել է Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում ու Նիգերիայում, իսկ զոհերի 78 տոկոսը սպանվել են Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում ու Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս