Ցույցին գնում եմ որպես չնկատվող Սոս, այլ ոչ թե՝ հայտնի մեկը, ով եկել է սելֆի անելու. asekose.am
Դերասան Սոս Ջանիբեկյանն Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին, ասել է.
«Միանշանակ դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ շատ ցավալի է այն վիճակը, որում որ մենք ապրում ենք: Ես խոսում եմ ոչ թե իմ, այլ ժողովրդի մասին: Չնայած այն բանին, որ Փառք Աստծո, ինքս այսօր չեմ դժգոհում իմ աշխատանքից, բավական ծանրաբեռնված եմ, աշխատանք շատ ունեմ, իսկ գումարս էլ ինձ բավականացնում է, բայց, այնուամենայնիվ, չեմ ցանկանում լինել այն էգոիստը, ով կասի, որ եթե իրեն լավ է, ապա ամեն ինչ լավ է:
Իհարկե, պետք է պայքարել դրա դեմ, քանի որ մենք շատ անապահով ընտանիքներ ունենք: Ծիծաղելի է ունենալ ատոմակայան, այդ օդը շնչել ու պետությանը վճարել ավելի թանկ, քան այն երկրներում, որտեղ լույսը գնում են ուրիշ պետություններից։ Ցավալի է, որ մենք ամեն անգամ պայքարում ենք, որ ավելի վատ չլինի, երբեք չենք պայքարում, որ գոնե մի քիչ լավ լինի»,- նշել է դերասանը:
Զրույցի վերջում էլ, անդրադառնալով վերջերս իր ֆեյսբուքյան էջում արված գրառումներից մեկին, ըստ որի՝ ինքը չի պատրաստվում մասնակցել այս կամ այն հանրահավաքին, քանի որ հասարակությունն է դա «պահանջում», Սոս Ջանիբեկյանը պարզաբանել է.
«Քանի որ ինձ ուղղված այն բոլոր նամակներին, որոնցում նշվում էր, թե ես ինչու Բաղրամյան պողոտայում չեմ, թե ինչու ազգիս կողքին չեմ, այն բոլոր ամոթանքներին, վիրավորանքներին և պահանջներին միանգամից չէի կարող պատասխանել, իսկ դրանք արհամարհել և նաև մարդկանց արհամարհել ես չէի կարող և չեմ սիրում, որովհետև հենց այդ նույն մարդկանց շնորհիվ է, որ ես այսօր կայացել եմ որպես դերասան, փորձեցի գրառման տեսքով պատասխանել և ասել, որ նախ եթե ես գամ ձեր սերը վաստակելու համար, դա իմ կողմից այդքան էլ անկեղծ արարք չի լինի, եթե ես, իրականում, այդ լույսի խնդիրը չունեմ և ես իմ ազգի խնդրով չեմ ցավում, այլ պարզապես գալիս եմ, կոպիտ ասած, ազգիս սերը և համակրանքը վաստակեմ և PR լինեմ:
Գործընկերներիցս և ոչ ոքի չնշելով՝ պետք է նշեմ, որ ես ունեմ այդ մտավախությունը, որ մարդիկ կարող են մտածել՝ ես գնում եմ նրանց գովասանքներին արժանանալու համար: Երկրորդն էլ, այդ օրերին ես գտնվում էի Արցախում: Ցանկացա ասել, որ ես չեմ կարող իմ նկարահանումները ընդհատել և գալ, քանի որ այնքան էլ կարևոր մարդ չեմ, ում գալուց հետո ինչ-որ մի մեծ բան կփոխվի:
Արցախից վերադառնալուց հետո արդեն 2 անգամ բավականին մեծ ժամանակահատված անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում, բայց դա արել եմ ոչ թե Սոս Ջանիբեկյան հայտնի դերասան, այլ՝ շատ ծածուկ, չնկատվող Սոս, ով որպես քաղաքացի է կանգնած բոլորի հետ, այլ ոչ թե հայտնի ինչ-որ մեկն է, ով եկել է այդտեղ լուսանկարվելու, սելֆիներ և ֆոտոշարքեր անելու»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակել է դերասան Սոս Ջանիբեկյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: