«Պատի կարիքը չկար, ինձ մոտ հավատ չի ներշնչում այս փաղաքշանքը». Վիգեն Խաչատրյան
Որևէ իրադրություն փոփոխելու համար պետք է խոսել ոչ թե հետևանքներից, այլ պատճառներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և նշեց, որ ցանկացած հակասություն հաղթահարելու դեպքում ծնվում են նոր հակասություններ, խնդիրն այն է, թե հակասությունների հաղթահարման ինչպիսի եղանակ է ընտրվում:
«Այդ առումով Հայաստանն արդեն քսան տարի ընտրել է փակուղային ճանապարհ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերում»,- ասաց Վ.Խաչատրյանը: Ըստ նրա՝ այսօր մարդիկ ասում են՝ վերջ տրվի թալանին, բայց դա անարդյունավետ կառավարման հետևանք է, չկան արդյունավետ կառավարիչներ, և այս իրավիճակը երբեք թույլ չի տա Հայաստանին դուրս գալ փակուղային իրավիճակից:
Վ.Խաչատրյանն արձանագրեց, որ այս շարժման արդյունքում հավատը դեպի սեփական պետությունը վերականգնվում է, «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը հոյակապ է, «թույլ չենք տա» ինչ-որ բաներ, նույնպես լավ է: Չբացառելով, որ այս շարժումը գուցե շինծու է, գուցե փախհամաձայնեցված է, Վ.Խաչատրյանը զարմանք արտահայտեց ոստիկանության փաղաքշանքի կապակցությամբ: Ամեն դեպքում, նա կարևորեց, որ մարդիկ տեսնում են, որ կարող են ընդվզել ու խնդիրներ լուծել:
Ըստ նրա՝ պատճառները, երբ փորձում են փնտրել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, սխալ է, իրականում մեր մեջ է պատճառը և այն գտնելու դեպքում փակուղին կբացվի: Լսելով հնարավոր վտանգի մասին՝ անցած գիշեր Վ.Խաչատրյանը գնացել է Բաղրամայան պողոտա, որոշ ժամանակ անց համոզվել, որ հարձակում չի լինի. «Պատի կարիքը չկար, ինձ մոտ հավատ չի ներշնչում այս փաղաքշանքը»:
Վ.Խաչատրյանը նշեց, որ զարգացման այն փուլում ենք գտնվում, երբ հռչակվում են ճիշտ ձևեր՝ այլասերված բովանդակությամբ՝ ՄԻՊ, ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ, և այլն, որոնք լավ ձևեր են, բայց այլասերված են, ցանկություն կա առողջ բովանդակություն ցույց տալու, ոչ թե ունենալու: «Մինչև հասարակությունը չձևավորի այլընտրանքային քաղաքական ուժ, որը կձգտի իշխանության՝ իրավիճակը փոխելու, ոչ թե լավ ապրելու համար, ոչինչ չի փոխվի: Մարդիկ ձևավորվում են, կիրթ, ուսյալ են, հասկանում են, որ ՀՀ-ն հայի համար ամենաապահով տեղն է»,- ասաց Վ.Խաչատրյանը: