Electric Yerevan. The Telegraph-ի անդրադարձը երևանյան ցույցերին

The Telegraph բրիտանական հեղինակավոր պարբերականը անդրադարձել է երևանյան ցույցերի նախապատմությանը՝ նշելով, թե Հայաստանը Ռուսաստանի մտերիմ դաշնակիցն է, այստեղ է տեղակայված ռուսական ռազմաբազան, երկիրը հունվարից անդամակցում է ԵՏՄ-ն:

Ընդգծվում է, որ չնայած ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ ՌԴ-ն հուսով է, թե Հայաստանի իշխանությունները ցուցարարների հետ փոխզիջման կգնան, որոշ ռուս քաղաքական գործիչներ մեղադրում են Արևմուտքի կառավարություններին Երևանում բողոքի ցույցերի կազմակերպման, ռուսական ուղեծրի մեջ ներխուժելու ու Ռուսաստանի դիրքերը հետխորհրդային այս տարածքում թուլացնելու մեջ: Նշվում է, որ նախկին խորհրդային տարածքում միայն երկու երկիր է դեռ ընկեր մնացել Ռուսաստանին՝ Հայաստանն ու Բելառուսը:

The Telegraph-ը գրում է, որ ռուսական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը զայրացրել է մարդկանց, որոնք ամսական ստանում են մոտ 200 դոլար աշխատավարձ, իսկ երկրի տնտեսությունն էլ տուժել է ճգնաժամից:
Նշվում է, որ ցույցերը Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ են: Ցուցարարները անտեսում են այս օրերին փակած Բաղրաման կենտրոնը ազատելու կոչերը:

Ցույցերը, որոնք ընդունել են «Ո´չ թալանին» կարգախոսը, Twitter-ում օգտագործում են #ElectricYerevan հեշթեգը երկուշաբթի օրվանից, երբ ոստիկանությունն արգելափակեց դեպի նախագահական նստավայր երթով շարժվող մարդկանց ճանապարհը:
The Telegraph-ը գրում է, որ երթի մասնակիցները ի պատասխան փակեցին Բաղրամյան պողոտան, որը Երևանի ամենակարևոր տրանսպորտային ուղին է, մինչ ոստիկանությունը երեքշաբթի վաղ առավոտյան ջրցան մեքենաներով չցրեց հարյուրավոր մարդկանց, ովքեր խաղաղ գիշեր էին անցկացնում փողոցներում ու շարունակում պիկետը Բաղրամյան փողոցում երեքշաբթի առավոտյան:

Human Rights Watch-ը դատապարտել է իր զեկույցում ոստիկանության գործողությունները ու լրագրողների նկատմամբ իրականցված բռնությունները:
Ոստիկանական բռնության դեպքերը դատապարտել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե կհետաքննի տեղի ունեցածը:

Տեսանյութեր

Լրահոս