Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից
ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում նախօրեին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է կանխակալ ու անհիմն՝ ուղղված Բաքվի դեմ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները հետապնդում են ադրբեջանական ժողովրդի շահերն ապահովելու, այլ ոչ թե ինչ-որ միջազգային կառույցի հավանությունը ստանալու նպատակ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Եվրոպայի խորհուրդը ընդունել է հակաադրբեջանական փաստաթուղթ, քանի որ Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական երկիրը:
Դա իսլամաֆոբիայի հստակ դրսևորում է, որը մեծ թափ է ստանում Եվրոպայում», կարծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ կանխակալ վերաբերմունքն ու երկակի ստանդարտների կիրառումը Բաքվին հանգեցնում է այն մտքին, թե որքանով է Բաքվի մասնակցությունը հարկավոր Եվրոպայի խորհրդում կամ խորհրդարանական վեհաժողովում:
Ավելի վաղ ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու մասին ակնարկել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: