Ցույցերի կազմակերպիչների գլխավոր նպատակը արյուն թափելն է. Սերգեյ Մարկով
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Facebook-ի իր էջում անդրադառնալով երևանյան վերջին իրադարձություններին, գրում է, թե Հայաստանում անհանգստությունների պատճառն էլեկտրականության սակագների բարձրացումն է, սակայն դա ընդամենը առիթ է: Պատճառը, ըստ նրա, ընդդիմության փորձն է, որը «փորձում է իշխանության գալ գունավոր հեղափոխությամբ»:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանում «ուժեղ ընդդիմություն» կա, որը վաղուց էր պատրաստվում հեղափոխությանը:
«Ցուցարարները ունեն ԵՄ-ի բազմաթիվ դրոշներ, կան անգամ «Աջ սեկտորի» կարմիր դրոշներ: Պատրաստված տասնյակ զինյալներ կոտրում են ոստիկանության շղթաները: Ոստիկանությունը ցրել է ոչ թե ցուցարարներին, այլ անժամկետ նստացույցի ճանապարհով երևանյան Մայդանի համար հարթակ նվաճելու փորձերը:
Եթե ցույցերը խաղաղ ընթանան, ինչին դժվար է հավատալ, ապա իշխանությունը իրեն խաղաղ կպահի ու անգամ էլեկտրականության սակագները կնվազեն: Ու եթե փորձեր լինեն ուժով գրավել հասարակական տարածքները, ապա իշխանությունը կպատասխանի ուժով՝ հիշելով Յանուկովիչի ճակատագիրը:
Այդ հարձակումը Երևանի վրա սպասվում էր՝ որպես Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու ու Եվրասիական միությանն անդամակցելու ռեակցիա:
Ամենայն հավանականությամբ, ցուցարարների թվում կան Ուկրաինայից բազմաթիվ զինյալներ ու ներկայիս շտաբը ղեկավարում են նույն քաղտեխնոլոգները, ինչ Կիևի Մայդանում:
Դեռ այդ փաստերը տեսանելի չեն, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն: Սակայն ոչ մի ժողովրդական ցույցի մասին Երևանում չի կարող խոսք գնալ: Կազմակերպիչների գլխավոր նպատակը արյուն թափելն է»,-համոզված է Սերգեյ Մարկովը