Ի՞նչ հրամաններ է ստորագրել ԼՂՀ ոստիկանապետը

ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ընթացիկ տարվա հունիսի 23-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գասպարյանը անձնական նախաձեռնությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետի պաշտոնին:

Շնորհակալություն հայտնելով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գասպարյանին բարեխիղճ ծառայության համար՝ ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի անձնակազմը կհամախմբվի Արա Պողոսյանի շուրջը և իր ողջ ներուժը կուղղի հասարակության անվտանգությունն ու մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները լիարժեք ապահովելու գործին:

Հատուկ կարևորելով Մարտակերտի շրջվարչակազմի և դատախազության հետ համատեղ բնակչության խնդիրներին լուծում տալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ոստիկանության պետը հանձնարարել է խստագույնս հետևել օրենքի տառին և հոգատարություն ու սրտացավություն ցուցաբերել բոլորի հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս