«Ցույցերը ցրելիս ոստիկաններից շատերն իրենց պահում են որպես «քուչի տղերք» և սադիստներ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոստիկանները ուժ կիրառեցին Բաղրամյան փողոցը փակած ցուցարարների դեմ, արժանացել են բազմաթիվ էմոցիոնալ գնահատականների, անեծքների, հայհոյանքների եւ այլն: Ոստիկանության հասցեին այդ ամբողջ քննադատությունը հիմնականում ճիշտ է:

Բայց պետք է փորձել տեսնել խնդիրը բոլոր կողմերից, նույնիսկ եթե դա հակասում է Հայաստանում ընդունված ամբոխահաճության կանոններին: Թույլ տվեք հարցնել. ցուցարարներն իրավունք ունեի՞ն փակելու Բաղրամյան փողոցը: Եթե այո՝ ապա ի՞նչ ժամկետով՝ 5 ժամով, 10 ժամով, մեկ օրով, 5 օրով, գուցե հավե՞րժ: Ցուցարարների նպատակը ո՞րն էր, որ Սերժ Սարգսյանը նրանց լսի՞, դրա համա՞ր էին նրանք գնացել Բաղրամյան փողոց: Նախագահը հրաժարվո՞ւմ էր նրանց լսել:

Ո՞ր պահին ցուցարարները կհամարեին, որ նրանց պահանջը կատարված է եւ կապաշրջափակեին երթեւեկելի մասը: Գիտեմ, որ ծեծված մարդկանց առկայության դեպքում այս հարցերը հաճելի չեն հնչում, բայց կյանքը ցույցով չի ավարտվում, եւ եթե հասարակությունն իսկապես ցանկանում է պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացման, ինչպես նաեւ բազմաթիվ այլ արատավոր երեւույթների դեմ, ապա այդ հարցերը պետք է հաշվի առնվեն:

Հիմա դառնանք ոստիկանությանը, որը, որքան գիտեմ, այս հարցերով անընդհատ ինչ-որ թրեյնինգներ եւ զորավարժություններ է անցկացնում, բայց դրանք, հավանաբար, ոչ մի օգուտ չեն տալիս, որովհետեւ ցույցերը ցրելիս ոստիկաններից շատերն իրենց պահում են որպես «քուչի տղերք» եւ սադիստներ: Ցուցարարներին փողոցի մեջտեղից հանելու փոխարեն՝ նրանք 3-4 հոգով, մի քանի հարկանի սեռական հայհոյանքներով հարձակվում են առանձին մարդկանց վրա, որոնք վտանգավոր վարք չեն դրսեւորում, բայց իրենց՝ ոստիկաններին, այս կամ այն պատճառով դուր չեն գալիս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս