Ցուցարարներն ու ոստիկանությունը չկարողացան ընդհանուր լեզու գտնել. Interfax-ի անդրադարձը երևանյան իրադարձություններին
Ներկայացնենք միջազգային մամուլի անդրադարձը երեկ ու այսօր Երևանում տեղի ունեցած իրադարձություններին:
Երևանի Բաղրամյան պողոտայից ցուցարարներին հեռացնելը, որի մասնակիցները իրենց դժգոհություն էին արտահայտում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նկատմամբ, ավարտվեց 237 մարդու ձերբակալությամբ, գրում է Interfax-ը:
«Անկարգությունների ժամանակ բողոքի 7 մասնակից ու 11 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ցուցարարներին սկսեցին հեռացնել այն ժամանակ, երբ նրանք ու ոստիկանությունը չկարողացան ընդհանուր լեզու գտնել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ իրենց հետ խոսի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, դրա հետ միասին, հրաժարվեցին մի քանի հազար մարդկանցից ընտրել 3-5 պատվիրակի՝ երկրի ղեկավարի հետ հանդիպման համար»,-գրում է Interfax-ը:
Այնուհետև գործակալությունը մանրամասն նկարագրում է, թե ինչպես են ցուցարարներին ցրել ու տարել դեպի Ազատության հրապարակ, որտեղ հունիսի 19-ից սկսվել էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքը:
«Դեպքի վայրից իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից սառը զենք է հայտնաբերվել»,-գրում է Interfax-ը: