Այսօր մենք մեծ կարևորություն ենք տալիս կանխարգելիչ միջոցառումներին. Արմեն Մուրադյան
Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ առաջին հերթին քաջ առողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ:
Հունիսի 21-ին ավանդաբար նշվող բուժաշխատողի օրը միավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գործընկերներին: Տոնն արդարացիորեն վերաբերում է ոչ միայն բուժաշխատողներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր բարձր են գնահատում սպիտակ խալաթ կրողի անձնվեր աշխատանքը: Ես երախտիքի խոսք եմ ուզում հղել մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը։
Բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը: Անկեղծ կարեկցանքն արտահայտվում է ոչ միայն հիվանդի ցավը խորապես վերապրելով ու սրտի միջով անցկացնելով, այլև դրան զուգահեռ` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելով։
Վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում:
Բոլորիս քաջ հայտնի է, որ համակարգում ծառացած խնդիրները և մարտահրավերները հրատապ լուծումներ են պահանջում: Մենք միասին կարող ենք դրանք հաղթահարել ձեր արհեստավարժության, մարդասիրության և հայրենասիրության շնորհիվ:
Այսօր, առավել քան երբևէ, համակարգի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել համատեղ ջանքերով` հենվելով համաշխարհային առողջապահական և բժշկագիտական առաջավոր փորձի վրա: Անհերքելի է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային զարգացումներում իրենց ուրույն տեղն ու ներդրումն ունեն նաև անվանի սփյուռքահայ բժիշկները:
Այսօր մենք մեծ կարևորություն ենք տալիս կանխարգելիչ միջոցառումներին, որակի հաստատման չափորոշիչներին` զերծ մնալով չակերտավոր կոլեգիալության դրսևորումներից:
Առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր տոնական այս օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, հերթապահում են շտապբուժօգնության ծառայությունում` գտնվելով հիվանդի կողքին։ Ուզում եմ առանձնացնել նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։
Սիրելի գործընկերներ, հաշվի առնելով, որ հուլիսի առաջին օրերին Երևանում անցկացվելու է Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը, որին կմասնակցեն հարյուրավոր աշխարհասփյուռ հայ բժիշկներ և բուժքույրեր` այս անգամ բուժաշխատողի օրը հանդիսավորությամբ կնշվի չորս տարին մեկ Հայաստանում կազմակերպվող լայնածավալ այս միջոցառման շրջանակում:
Երախտագիտությամբ`
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան