Ամերիկյան հասարակությունը դեռ հիվանդ է ռասիզմով. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան հասարակությունը նախկինի պես հիվանդ է ռասիզմով: Օբաման այս մասին հայտարարել է՝ կապված Հարավային Կարոլինա նահանգի եկեղեցում 9 սևամորթների սպանության հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանությունը այդ սպանությունները որակում է որպես հանցագործություն՝ կատարված ռասայական ատելության հողի վրա:

«Կրակողի ակնհայտ դրդապատճառը հիշեցնում է մեզ այն մասին, որ ռասիզմը հիվանդություն է ու դրա դեմ հարկավոր է համախմբված պայքարել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում:

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, սակայն հարկավոր է ուշադիր լինել, քանի որ ռասիզմը դեռ կա ու այն թունավորում է երիտասարդների գիտակցությունը, դավաճանում մեր իդեալներն ու մասնատում է մեր ժողովրդավարությունը»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Բարաք Օբաման հայտարարել է զենքի վերահսկողության մասին նոր քննարկումների անհրաժեշտության մասին ու կոչ է արել Կոնգրեսին հաշվի առնել հասարակական կարծիքը այդ հարցում:

«Մեզ համար բավական չէ պարզապես արտահայտել կարեկցանք, մենք պետք է գործենք»,-հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս