Օղու, ծխախոտի և վառելիքի «Ակցիզային հարկի» մասին օրինագիծն ընդունվեց. թանկացումները՝ 2016 թվականից
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին երեկ քննարկված նախագծերը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների և կից նախագծերի փաթեթը, մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակում «Հայփոստը» ընգրկելու հարցը, ինչպես նաև «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունները:
Վերջին նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է բարձրացնել օղու, ծխախոտի և վառելիքի ակցիզային հարկը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունն այն կարծիքին է, որ սպառողական շուկայում նոր ցնցումեր առաջացնելը տեղին չէ և իրենք դեմ են այս օրինագծին:
«Մենք էլ ենք գտնում, բայց երեկ ասացի, որ երկրորդ ընթերցման ռեժիմը կքննարկենք աշնանը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծն անվանեց «կործանարար» ու կոչ արեց հանել այն օրակարգից:
«Օրինաց երկիր» (ՕԵԿ) խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ԱԺ ամեն նստաշրջանից հետո հարկերն ավելանում են, էլեկտրաէներգիայի, գազի թանկացում է լինում, և այլն: Ըստ նրա՝ քանի որ օրենքը 2016 թվականից է կիրառվելու, ապա պետք է չընդունել այն ու քննարկել:
Գ.Սահակյանը հայտարարեց, որ օրենքը պետք է լինի, որ հաշվարկվի 2016թ. բյուջեում. «Բայց ես էլ եմ տեսնում ու քաղաքական մեծամասնությունն էլ է տեսնում, որ հիմնավորումների կարիք կա, դրա համար կանցնի առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցումը՝ աշնանը»:
ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում պահանջեց: «Գնահատում եմ, հերոսական առաջարկ է»,- նկատեց Գալուստ Սահակյանն ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց:
Ընդմիջումից հետո «Ակցիզային հարկի» մասին օրինագիծն ընդունվեց 56 կողմ, 38 դեմ, 1 ձեռնպահ հարաբերացությամբ: