Սաակաշվիլին պատերազմ է հայտարարել «օրենքով գողերին». վերջիններս լքում են Օդեսան
Իրավապահները վկայում են, որ «օրենքով գողերը» զանգվածաբար հեռանում են Օդեսայից: Գործընթացն սկսվել է մի քանի օր առաջ ու ակտիվորեն շարունակվում է, հայտնում է rusjev.net-ը:
Շատերը դա բացատրում են նրանով, որ Օդեսայի ոստիկանության տարածքային վարչության պետ է նշանակվել վրացի Գեորգի Լորտկիպանիձեն: Վերջինս նախկինում զբաղեցրել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Գլխավոր խնդիրը, որ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դրել է Լորտկիպանիձեի առաջ, Օդեսան անվտանգ քաղաք դարձնելն է՝ վերացնել հանցավորությունը՝ գրպանահատներից մինչև զինված հարձակումներ ու մարդկանց ահաբեկումներ:
Սաակաշվիլիի խոսքով՝ 48-ամյա հայտնի ոստիկանի հայտնվելն ինքնին քաղաքում շատ բան է փոխել:
«Գիտեք, որ Վրաստանից բազմաթիվ «օրենքով գողեր» են ապրում Օդեսայում: Մենք տեղեկացրել ենք, որ հեռանան քաղաքից: Նրանք, որքան գիտեմ, լքել են քաղաքը, սակայն սա, իհարկե, միայն սկիզբն է»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին պատերազմ է հայտարարել Օդեսայում «բեսպրեդելին» ու սպառնացել աշխատանքից ազատել Օդեսայի ադմինիստրացիայի 90 տոկոսին: