
Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակին հուշարձան կտեղադրվի

Ի հիշատակ Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի՝ կտեղադրվի հուշարձան, լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա երեկ կնոջ հետ գնացել է Սվանիձե փողոց՝ հարգելու ջրհեղեղի ու սողանքի զոհ դարձած մարդկանց հիշատակը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հուշարձանը տեղադրվելու է Թբիլիսիի քաղաքապետարանի ու Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախաձեռնությամբ:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին, դա մեծ ողբերգություն էր: Ես հրամայել եմ, որ նախարարները այցելեն բոլոր ընտանիքներին, որտեղ հոգեհանգիստ է տեղի ունենում: Մենք ցավում ենք ձեզ հետ միասին»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Հունիսի 15-ից Թբիլիսիի բնակիչները, կառավարության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մոմեր ու ծաղիկներ են տանում Սվանիձե փողոց՝ հարգելու ջրհեղեղի զոհերի հիշատակը: Հենց այդ վայրում հունիսի 13-ի գիշերը տարերային աղետը գետնին հավասարեցրեց բնակելի տները: