Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հունիսի 18-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում անձամբ է ընդունել ու լսել բնակիչներին:

Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց բարձրացրած հարցերին ու լսելով առաջարկները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են շարունակական:

«Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը անձամբ ինձ համար մշտապես եղել է աշխատաոճ ու, համոզված եմ, որ դա ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով: Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ շուրջ երեք տարի առաջ իմ կողմից սահմանվեց քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններ կազմակերպելու աշխատակարգը, որը վստահորեն կարող եմ ասել, որ լավ արձագանք գտավ հանրության շրջանում: Այս հարցում իմ մոտեցումը հստակ է ու միանշանակ. բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա: Եվ այսօր մեր համաքաղաքացիները գիտեն, որ մասնավորապես յուրաքանչյուր հինգշաբթի կարող են այցելել վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին ու հենց նրանց ներկայացնել իրենց հուզող հարցերը՝ համոզված լինելով, որ եթե հարցը մեր լիազորությունների շրջանակում է և օրենքի սահմաններում, ապա անպայման համապատասխան ընթացք և լուծում է ստանում»,- ընդգծել է քաղաքապետը:

Այն, որ մոտեցումն այս արդարացված է ու իսկապես արդյունավետ, փաստում է տարեցտարի ընդունելություններին մասնակից քաղաքացիների թվի ավելացումը: Ըստ այդմ, եթե 2013 թվականին շուրջ 6000 քաղաքացի է մասնակցել այդ ընդունելություններին, ապա 2014-ին՝ արդեն շուրջ 7000 քաղաքացի: Եվ հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին 2013-ի համեմատ 2014-ին շուրջ 1000 քաղաքացի պակաս է այցելել ընդունելության, ինչն իր հերթին փաստում է, որ բնակիչներն, իրենց հուզող հարցերի պատասխանները տեղում ստանալով, քաղաքապետարանի ընդունելություններին այցելելու անհրաժեշտություն այլևս չեն ունենում:

«Սա խոսում է նաև տեղերում կազմակերպվող ամենօրյա սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, ինչը գովելի է և արժանի գնահատանքի: Ինչպես գիտեք, ժամանակ առ ժամանակ անակնկալ այցով ես էլ եմ մասնակցում այդ ընդունելություններին և անձամբ եմ լսում մեր քաղաքացիներին: Անշուշտ, սա միակ ձևաչափը չէ մեր համաքաղաքացիների հետ անմիջական շփվելու և նրանց հուզող հարցերը լսելու: Իմ պարբերական շրջայցերի ժամանակ ևս առիթ եմ ունենում շփվել մեր համաքաղաքացիների հետ ու նշեմ, որ տարեցտարի մեր բնակիչները քաղաքային տնտեսությանը վերաբերող հրատապ լուծում ենթադրող հարցեր համեմատաբար ավելի քիչ են բարձրացնում՝ վստահեցնելով, որ վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ աշխատակազմը հենց տեղերում մշտապես անմիջական շփման մեջ է բնակիչների հետ, ու առաջացող խնդիրներին էլ արագ լուծումներ են տրվում: Ուզում եմ վստահեցնել, որ այս աշխատաոճը լինելու է մշտական, և համոզված եմ, որ այս սկզբունքով աշխատելով՝ մենք հետզհետե կլուծենք նաև բոլոր այն խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչներն իրենց հերթին նշել են, որ մայրաքաղաքում այսօր ընթացող լայնածավալ աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ իրենց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները հետզհետե ծրագրային ընթացք են ստանում և կյանքի կոչվում: Նրանք նաև նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները, ինչի համար իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:

 

Տեսանյութեր

Լրահոս