«Ես այսպիսի սխալ վաղուց չէի գործել իմ կյանքում». Լուսինե Բադալյանը մի քանի օր շոկի մեջ է եղել. Life.panorama.am
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը «6-րդ զգայարան» հաղորդման այս շաբաթվա մասնակիցն է: Հաղորդումը դեռ չի հեռարձակվել, բայց ինչպես այս հաղորդման շատ մասնակիցների դեպքում, հաղորդման անոնսից արդեն թեժ քննարկումներ է սկսվել: Life.panorama.am-ը այսօր կապ հաստատեց Լուսինեի հետ՝ փորձելով ստանալ նրա մեկնաբանությունը սկանդալային անոնսի և դրանից բխող քննարկումների վերաբերյալ:
«Ինձ առանձնապես չի հետաքրքրում ոչ մեկի մեկնաբանությունը կապված այդ ծրագրի հետ, հատկապես, որ անոնսի հետ կապված մենք մի փոքր խնդիրներ ունեցանք, որոնց մասին խոսել չեմ ուզում զուտ սոլիդարությունից ելնելով, ինչպես եւ չեմ խոսել նկարահանումներից հետո. մարդիկ ծրագիր են անում, ինչպես կարողանում են, այդպես էլ անում են, վարկանիշը ապահովում են, իրենց բռավո, ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ իմ ամեն մեկնաբանությունը կարող է հերթական ալիքը բարձրացնել»,- նշեց հաղորդավարուհին:
Լուսինեն նկատեց, որ երբ նա նկարահանվել է այդ ծրագրում, տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվելու այնտեղ. «Ես այդ ծրագրում նկարահանվել եմ վեց ամիս առաջ, երբ այն դեռ եթերում էլ չէր, բնականաբար ես չգիտեի էլ, թե ինչ է լինելու այնտեղ: Ես ինքս շատ եմ սիրում նմանատիպ ծրագրերը, մշտապես հետեւում եմ այս հաղորդման ռուսաստանյան տարբերակին, եւ երբ իմացա, որ այստեղ պետք է լինի դրա հայկական տարբերակը, ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ զուտ այնքանով, որպեսզի տեսնեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, այնտեղ գնալու համար ինձ շատ օգնեց նաեւ այն, որ ես առանձնապես գաղտնիքներ չունեմ իմ կյանքում, այսինքն՝ իմ արած ցանկացած քայլ հասարակության ուշադրության կենտրոնում է, վախենալու բան էլ չունեմ, որ հանկարծ այնտեղ մի բան կարող էր հնչել, որ ես խայտառակ լինեի դրանից, այսինքն՝ չունեի մոտիվացիա չգնալու: Բայց հետո հասկացա, որ իմ իմացած հաղորդման հետ սա բոլորովին կապ չունի, ես ռուսաստանյան տարբերակում երբեւիցե չեմ տեսել, որ որեւէ հայտնի մարդու հեղինակության հետ խաղան, իսկ այստեղ չեղած տեղից փորձում են սկանդալ ստանալ, ես հիմա սա մեղադրական տոնով չեմ ասում, պարզապես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչու է հաղորդման ժամանակ դադարեցրել շոշափվող թեման, եւ թե ինչն է ստիպել արտասվել հաղորդման ընթացքում, Լուսինեն պատասխանեց.
«Եթե այդ հատվածը չմոնտաժեն, այսինքն` տարօրինակ մոնտաժներ չլինեն, չնայած հասկացա, որ լինում են այդպիսիք, ապա հաղորդման ժամանակ մարդիկ կտեսնեն, որ ես դադարեցնում եմ այն ժամանակ, երբ իմ մասին խոսելու փոխարեն խոսում են իմ ընկերների մասին, իսկ ես եմ հերոսը, ես պատասխանատվություն եմ կրում իմ ընկերների համար, եթե իրենք ցանկանային իրենց մասին լսեին նրանց կանխատեսումները, ապա իրենք կլինեին այդ աթոռին նստած, ոչ թ ես, այսինքն` կարող էին իմ մասին խոսել, բայց ընկերներիս մասին՝ ոչ: Ինչ վերաբերվում է արտասվելուն, պետք է ասեմ, որ ես չեմ արտասվել հաղորդման ժամանակ, անոնսում դա ինձ համար ծիծաղելի էր, քանի որ արտասվելու ոչինչ չի եղել: Ավելին ասեմ, ես հաղորդումը չեմ էլ դիտելու, որովհետեւ ինձ հետաքրքիր չէ, հիմա այնտեղ արցունք է ավելացել, թե պակասել, առանձին դրսում խոսակցություններ են ձայնագրել եւ հետո օգտագործվել, թե ոչ, դա ինձ այլեւս չի հետաքրքրում, ինձ եւ իմ մտերիմ մարդկանց համար հատկապես իմ ծրագիրը հետաքրքիր չէ, մենք չենք դիտելու»:
Արդյոք կոնֆլիկտային հարաբերություն է ստեղծվել Լուսինե Բադալյանի եւ հաղորդման կազմակերպիչների միջեւ հարցին՝ Լուսինեն նշեց. «Չեմ կարող այդպես ասել, շատ փոքրիկ ինչ-որ խնդիր եղավ, որը, Փառք Աստծո, նորմալ լուծվեց, մարդիկ հասկացան, որ այնտեղ կանոնների փոքրիկ խախտում էր եղել՝ նախնական անոնսը սկանդալային ստանալու համար, մարդիկ երեւի մի քիչ չափերը անցել էին առանց հաշվի առնելով մի քանի հանգամանք: Առհասարակ, կարծում եմ առաջին հերթին իրենց է ձեռք տալիս այդ հաղորդումը եթեր չտալը՝ հաշվի առնելով իմ կյանքում ունեցած ծանր շրջանը, որը որ իրենք չէին կանխագուշակել ոչ մի կերպ, այսինքն առաջին հերթին իրենց ձեռնտու չէ դա»:
Գուշակությանը հավատո՞ւմ է, թե ոչ, հաղորդավարուհին պատասխանեց. «Կոնկրետ այդ էքստրասենսների գուշակությանը ես չեմ հավատում, իսկ առհասարակ այդ երեւույթը համենայն դեպս ես չեմ բացառում: Իհարկե, այնպես չէ, որ ես ամեն օր գուշակների մոտ եմ գնում, իմ կյանքում միայն մեկ անգամ 16 տարեկանում եմ գնացել գուշակի մոտ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: