Սահմանադրության փոփոխությունների ամբողջական նախագիծը պատրաստ կլինի հուլիսին. «Փաստինֆո»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն իր նիստերում քննարկել է կառավարման համակարգին, այսինքն՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող գլուխները:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկվել է նաև Սահմանադրության նախագծի յոթերորդ գլուխը, որը վերաբերվում է դատական իշխանությանը:
«Արդեն կա նախնական նախագիծ, որը մենք մոտակա ժամանակներս նորից կուղարկենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին: Մենք նախատեսում ենք, որ հուլիսի 1-2-ին Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ մենք անդրադարձ կկատարենք առաջինն այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում և հետո արդեն ավելի մանրամասն կանդրադառնանք կառավարման համակարգին վերաբերվող երեք և դատական իշխանության գլուխներին»,- ասաց Վ.Պողոսյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ սահմանադրագետը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Փարիզում մայիս ամսին քննարկվել են Սահմանադրության նախագծի առաջին երեք գլուխները՝ «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները»:
Ըստ Վ.Պողոսյանի, Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի ընդհանուր եզրակացությունը շատ դրական էր, սակայն կային նաև որոշակի հարցեր, որոնք որ հետագա լրամշակման կարիք ունեն: «Մենք դրա վրա աշխատել ենք, հիմա որոշակի փոփոխություններ ենք առաջարկում այդ նախագծում, և դրանք ուղարկվելու են էլի նույն Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Մինչ այդ՝ հունիսի 24-27-ը, Սահմանադրական հանձնաժողովի որոշ անդամներ մասնակցելու են Գերմանիայում գերմանացի սահմանադրագետների հետ Սահմանադրության նախագծի քննարկումներին: Վ.Պողոսյանն ընդգծեց, որ գերմանացի սահմանադրագետներն ի սկզբանե մասնակցություն են ունեցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին որպես խորհրդատուներ՝ սկսած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման փուլից, և նրանք նույնպես արժեքավոր նկատառումներ կարտահայտեն Սահմանադրության նախագծի առաջին յոթ գլուխների վերաբերյալ:
Վարդան Պողոսյանը նշեց, որ բացի այդ յոթ գլուխներից բնականաբար աշխատանքներ են տարվում նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի մյուս գլուխների վրա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: