
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի ու ԴԱԻՇ-ի գործողություններն անվանել է Եվրոպայում պաշտպանության ուժեղացման պատճառ

Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է ամրապնդել Եվրոպայի իր գործընկերների անվտանգությունը՝ կապված ԴԱԻՇ-ի ու Ռուսաստասնի քաղաքականության հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«ՆԱՏՕ-ն անցկացնում է անվտանգության ամրապնդման նոր փուլ, ինչը հարուցված է հարավում բռնությունների, անկարգությունների ու անկայունության ալիքով՝ Իրաքում, Սիրիայում ու Հյուսիսային Աֆրիկայում ԴԱԻՇ-ի գործողություններով: Դրա պատճառն ավելի ագրեսիվ Ռուսաստանի պահվածքն է, որն ուժ է կիրառում»,-հայտարարել է Ստոլտենբերգը Լեհաստանում, որտեղ ժամանել է մասնակցելու ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի զորավարժություններին:
«Հետևաբար, մենք պետք է պատասխան տանք: Մենք պատասխանում ենք ու անցկացնում Սառը պատերազմի ավարտից ի վեր մեր հավաքական անվտանգության ամենամասշտաբային ամրապնդումը: Արագ արձագանքման ուժերը այդ ջանքերի առանցքային տարրեր են, հիանալի է, որ կարելի է հետևել այդ գործողություններին, մանավանդ, որ զորավարժությունները անցկացվում են Լեհաստանում»,-ասել է Ստոլտենբերգը:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2 հազար զինծառայող Բելգիայից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից ու ԱՄՆ-ից: