Ջեբ Բուշն իր թեկնածությունն առաջադրեց ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ֆլորիդայի նախկին նահանգապետ, 62-ամյա Ջեբ Բուշը պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրելու մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մայամիում ելույթի ժամանակ Բուշը, ում հայրն ու եղբայրը եղել են ԱՄՆ նախագահներ, խոստացել է երկիրը դնել ճիշտ ուղղության վրա: Նա նաև խոստացել է օգտագործել պետական կառավարման իր փորձը, որը ձեռք է բերել նահանգապետ եղած տարիներին, Վաշինգտոնում ստեղծված քաղաքական բացասական մշակույթը հաղթահարելու համար:
Նա դարձել է Հանրապետական կուսակցության 11-րդ թեկնածուն, ով որոշել է իր ուժերը փորձել նախագահական մրցավազքում:

Ընտրողների հարցումները ցույց են տալիս, որ նրանցից ոչ ոք դեռ չունի վճռորոշ գերազանցություն:

Թեև Բուշի քարոզարշավն սկսվում է միայն երկուշաբթի, նա ու նրա շտաբը արդեն հավաքել են քարոզարշավ սկսելու համար անհրաժեշտ 100 մլն դոլարը:

Նրա շտաբի անդամների հարցազրույցները վկայում են, որ նրանք հավաքած միլիոնները պատրաստվում են ծախսել Բուշի համար առավել վտանգավոր մրցակիցների՝ Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերի ու Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյի դեմ պայքարի վրա:

Տեսանյութեր

Լրահոս