Նոր մանրամասներ՝ Գյումրիում հայտնաբերված ռուս զինվորականի սպանության գործից

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ։

Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները։

Լուսանկարը՝ Tsayg.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս