
Բաքուն պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը. ադրբեջանցի նախարար

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը մեկնաբանել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերին, գրում է sputnik-georgia.ru-ն:
«Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին այդ երկրի բնակիչների առաջին այցը չէ Ադրբեջան»,-հայտարարել է Ռագիմովը նախօրեին Բաքվում Եվրոպական խաղերին նվիրված մամլո ասուլիսին:
Ադրբեջանցի նախարարը հիշեցրել է Ադրբեջանում անցկացվող պատանի բռնցքամարտիկների աշխարհի առաջնությանը հայ բռնցքամարտիկների մասնակցության փաստը:
«Միջազգային միջոցառումների կարգավիճակը ենթադրում է բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցություն: Այդ առնչությամբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև մշակվել է որոշակի մեխանիզմ: Կա նամակ, որը երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը պետական մակարդակով ու դա բավական է»,-ասել է Ռագիմովը:
Նա նշել է, որ եկող տարիներին Ադրբեջանում կանցկացվեն այլ խոշորամասշտաբ մարզական մրցություններ, որոնց ցանկության դեպքում կարող են մասնակցել բոլոր երկրների ներկայացուցիչները: