Հաշմանդամ ծանրամարտիկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն
Asparez.am-ըգրում է. 31-ամյա Հարություն Մխիթարյանը հաշմանդամային ծանրամարտի 48 կգ քաշային կարգում Հայաստանի եռակի ռեկորդակիր է:
8 տարեկանում չարաբաստիկ դիպվածի պատճառով կորցրել է քայլելու ունակությունը: Ծառից ընկնելը տղայի համար ճակատագրական է եղել: Վնասվել է ողնաշարը, ինչի արդյունքում հայտնվել է հաշմանդամի սայլակում: Մինչ այդ մարմնամարզությամբ զբաղվող Հարությունը որոշ ժամանակով ստիպված է եղել հրաժարվել Հայաստանի չեմպիոն դառնալու երազանքից: Տարիներ անց, սակայն, մարզական բարձունքները նվաճելու ձգտումը նոր ուժով է արթնացել նրա մեջ:
2005թ-ին որոշել է զբաղվել սպորտով: Մարզվելու տարրական ցանկությունը երիտասարդի մոտ դժվարությամբ է իրականություն դարձել: Հարությունը, սակայն, չի վհատվել: Երիտասարդին աջակցելու ցանկություն է հայտնել Վանաձորի մարզիչներից Վալերի Ժամհարյանը:
Արդյունքը երկար սպասեցնել չի տվել: Մարզումներից ամիսներ անց Հարությունը հաշմանդամների հանրապետական մարզական փառատոնում զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը: Ավելի ուշ հանրապետական ու միջազգային մրցումներում նվաճել է նաեւ առաջին մրցանակային տեղեր:
2013թ-ից Հարությունն զբաղվում է նաեւ մարզչական գործունեությամբ: Միաժամանակ մարզվում է, պատրաստվելով հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք պարօլմպիկ խաղերին: Նպատակը մեկն է՝ պարօլիմպիկ խաղերում նվաճել հաղթողի դափնին:
Շուրջ մեկ տարի է, մարզական գործունեությանը զուգահեռ, Հարությունն աշխատում է Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում:
-Սահմանափակ հնարավորություններով անձանց մշտական աշխատանքով ապահովելը նկատվող դրական տեղաշարժերի շարքից է, -ասում է Հարությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: