Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվելու. վարչապետ
Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը, հղում անելով ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրին վստահություն տալու մասին հաղորդագրությանը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին և ընտրողներին՝ հավաստիացնելով, որ գործադիրն անելու է հնարավորինս` բոլորի սպասելիքներն արդարացնելու համար:
Կառավարության ղեկավարը լրագրողներին հակիրճ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են Արցախի Հանրապետությունում տնտեսական կայուն աճի տեմպերի ապահովմանը:
Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը,- նշել է վարչապետը: Մամուլի ասուլիսի մեծ մասն անցել է հարցուպատասխանի ձևաչափով:
Այդ ընթացքում լրագրողները գործադիր մարմնի առաջին դեմքից հստակ պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, Ա. Հարությունյանը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին, նշել է.
Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների:
Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»: Թե որտեղ են բացվելու 2000-ից ավելի աշխատատեղերը՝ հարցին ի պատասխան՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ու թեթև արդյունաբերության ոլորտներում պլանավորված մի շարք նախագծերի մասին: Ասուլիսի ավարտին Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել սկսված բերքահավաքի բարձր բերքատվության առթիվ և հողամշակներին մաղթել անկորուստ բերքահավաք: