Բաժիններ՝

Աստղագուշակ Ջունայի առանձնատնից անհետացել են Արբատում գտնվող 5 բնակարանների փաստաթղթերը

Օրեր առաջ մահացած հայտնի աստղագուշակ Ջունայի առանձնատնից անհետացել են Արբատում գտնվող 5 բնակարանների փաստաթղթերը ու կլորիկ գումար: Ջունայի չհրկիզվող պահարանից նրա ազգականները հայտնաբերել են միայն 2 հին անձնագիր ու 2 Կտակարան: Այս մասին LifeNews-ին հայտնել է կնոջ ազգականներից մեկը:

«Մենք բոլորս հավաքվեցինք ու միասին բացեցինք պահարանը: Այնտեղ փող չկար, միայն Կտակարաններ ու նրա անձնագրերը: Ամբողջ արարողությունը նկարահանված է տեսախցիկով: Հիմա պատրաստվում ենք դիմել ոստիկանություն ու կատարել անշարժ գույքի փաստաթղթերի մասին հայտարարություն»,-պատմել է Ջունայի զարմուհի Լիլյան՝ հավելելով, թե փաստաթղթերի անհետացման հետևանքով Ջունայի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները ձգձգվում են:

Ավելի ուշ գումարի մի մասը, այնուամենայնիվ, հայտնաբերվել է: Չհրկիզվող պահարանի մի անկյունում հայտնաբերվել է 410 հազար ռուբլի, սակայն ազգականները վստահ են, որ Ջունան ավելի շատ կանխիկ պետք է ունենար տանը:

Քիչ հարցեր չի հարուցում նաև փաստաթղթերի կորուստը: Դեռ պետք է պարզել, թե ինչ թղթեր են անհետացել 5 բնակարանի փաստաթղթերի հետ:

Ջունա Դավիթաշվիլին ապրում էր Մոսկվայի հենց կենտրոնում կառուցված չորսհարկանի առանձնատանը, որի առաջին երեք հարկերը քաղաքի սեփականությունն են համարվում, իսկ վերջին հարկը պատկանել է աստղագուշակին:

Նրա բոլոր՝ 4 բնակարաններն էլ ինչ-որ ժամանակ առաջ գրանցված են եղել Ջունայի որդու՝ Վախթանգի անունով, որի մահից հետո Ջունան սեփականությունը անվանափոխել էր իր անունով:

Բացի այդ՝ հարևան մուտքում ևս մեկ բնակարան է պատկանել Ջունային:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Մոսկվայում կյանքի 65-րդ տարում մահացավ Եվգենյա Դավիթաշվիլին: Նրա մահվան մասին LiveJournal-ի իր բլոգում հայտնել էր դերասան, բլոգեր Ստանիսլավ Սադալսկին:

Ջունան խորհրդային աստղագուշակ էր: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ տարբեր տարիների նրա հաճախորդներն են եղել խորհրդային գործիչներ Լեոնիդ Բրեժնևը, Իլյա Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն ու Մարչելլո Մաստրոյանին, ինչպես նաև կինոռեժիսորներ Անդրեյ Տարկովսկին ու Ֆեդերիկո Ֆելլինին:

Ջունային հուղարկավորելու են Վագանկովսկի գերեզմանատանը որդու՝ Վախթանգի գերեզմանի հարևանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս