Տեր-Պետրոսյանը մերժել է Ֆիշերին և Ալան Միլին հանդիպել. Լևոն Զուրաբյանը հաստատեց. Aravot.am

Այսօր ԱԺ-ում են եղել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ քննարկել են վերջին քաղաքական գործընթացները, Սահմանադրական բարեփոխումները, մարդու իրավունքների վիճակը, քաղբանտարկյալների և ԼՂՀ-ի խնդիրը.

«Նախ, ես գրավոր ներկայացրել եմ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Ես նրանց տեղեկացրել եմ, որ վիճակի մեջ 2 փոփոխություն կա: Մեկը՝ կապված Ժիրայր Սեֆիլյանի հետ, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման օրենքի զարգացումների հետ: Նորից վերահաստատել եմ, որ Սերժ Սարգսյանն ունի ծրագիր իր իշխանությունը վերարտադրելու, որ սահմանադրական ռեֆորմն ուղղված է դրան, ոչ մի լուրջ հիմնավորում չկա կառավարման մոդելը փոփոխելու առումով: Երբ երկրում չկա լայն կոնսենսուս, երբ կոնսենսուսը ձևավորվել էր, իշխանությունը բռնություններ կիրառեց ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մի նպատակով՝ ժողովրդական ալիքը մարեցնելու և ընդդիմության այդ դաշինքը քայքայելու նպատակով»:

Ճի՞շտ է, որ նրանք ցանկացել են հանդիպել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և Լևոն Տեր-Պետրոսյանը մերժել է` հարցին ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը հաստատեց դա. «Ճիշտ է: Հանդիպումը չի կայացել»: Թե որն է պատճառը, Լևոն Զուրաբյանն այսպես բացատրեց. «Այդ հանդիպումներն անցյալում լուրջ արդյունք չեն տվել: Տեր-Պետրոսյանը նպատակահարմար չի համարել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս