Բաժիններ՝

Կաշառք՝ ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար

Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն:

Նրանք հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Միսակյանին, որը հանդիսանում է պաշտոնատար անձ:

Ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաև արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար Միսակյանը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից` 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով:

Բացի այս, Ստեփան Միսակյանը ևս մեկ քաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել փորձաքննությունն արագ կազմակերպելու համար, դարձյալ միջնորդավորված, ստանալու 20 հազար դրամ կաշառք:

Միայն պատկերացնել կարելի է, թե օրական քանի մարդ է դիմում փորձագիտական եզրակացություն ստանալու համար:

Ստեփան Միսակյանը ձերբակալված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս