Բաժիններ՝

Կաթ մթերող ընկերությունները հրաժարվում են կաթ գնել, իսկ անասունները հարկադիր մորթի են ենթարկվում

Asparez.am-ըգրում է.  Շիրակի մարզի համայնքներում անասնապահությամբ զբաղվողները պատրաստվում են խոշոր եղջերավոր անասուններին ենթարկել հարկադիր մորթի` կաթնամթերքի ցածր գնով պայմանավորված:

Մասնավորապես, վերջին մեկ ամսում տեղի ունեցած կաթի գնի նվազումը` մեկ լիտրը 170-ից 150, ապա` 130-120, շուտով 110-100 դրամ, այդ հեռանկարն է հուշում: Իսկ թե գյուղացին ի՞նչ է անելու տարվա այս ժամանակահատվածում ստացած կովի առատ կաթը, ինքն էլ չգիտի: Ստեղծված իրավիճակի մասին զրուցեցի Թորոս համայնքի բնակիչների հետ.

-Ի՞նչ պտի էնենք, մե հատըմ քար կկապենք վզներիցս, կերթանք Արփաչայը կընգնինք` կխեղդինք,- ասաց համայնքի բնակիչ Նասլեն Հակոբյանը:

Մասնավորապես այս համայնքում յուրաքանչյուրը 10-15 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, որից օրը ստացվում է մոտավորապես, 50-80 լիտր կաթ եւ վաճառվում «ջրի» գնով: Սակայն, ինչպես թորոսցիներն են հավաստիացնում, արդեն երեք օր է, ինչ «Իգիթ» ընկերությունը հրաժարվում է կաթ մթերել՝ նույնիսկ 130 դրամով.

-«Իգիթը» կաթը չի տանի, երեք օր էլ մնացել է վրեքս: Ստիպված օջախը կվառեմ, կնոջս հետ պանիր ու յուղ կենեք, որ չփչանա,- ավելացնում է Նասլեն Հակոբյանը:

Իսկ թե ինչու՞ է «Իգիթ» ՍՊԸ-ն հրաժարվում մթերել գյուղացու կաթը, կայքը փորձեց  պարզել գործարանի մենեջեր Ռազմիկ Սիմոնյանից.

-Մենք չենք հրաժարվում կաթը հավաքելուց, ուղղակի մեր ընկերությունը պատրաստ չէր այսքան կաթ հավաքելուն: Մեր մեքենաները քիչ են, մարզում միայն մենք ենք հավաքում: «Աշտարակ կաթը» եւ «Մարիաննան» էլ չեն տանում: Ամսի 11-ից մենք էլի 130 դրամով կաթը կմթերենք, -ասաց «Իգիթ» ՍՊԸ-ի պատասխանատուն:

Թեեւ մթերումը Թորոսում կսկսվի հունիսի 11-ից, բայց եւ այնպես, այս լուրը գյուղացիներին չի ուրախացնում` 130 դրամը քիչ է, ասում են թորոսցիները: Վերջիններս հավաստիացնում են, որ եթե այսպես շարունակվի` ներկա 1-2 գլուխ մորթվող խոշոր եղջերավոր անասունների փոխարեն հարկադիր մորթի կենթարկեն 10-20-ը.

-Պահենք՝ ի՞նչ էնենք: Անասունը 70-80 հատ տուկ կուդե, մե հատը կառնիմ 1200-ից 1500 դրամով: Եթե, կաթը էժան պտի էղնի, եկամուտ չտա, կմորթեմ: Հարեւաններս արդեն 1-2 հատ մորթել են, սաղս էլ կմորթենք: Մենակ գոմ գա՞լն է քյարներս,- ասում է Թորոս համայնքի բնակիչ Աղվան Սարգսյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս