Բաժիններ՝

Խաղաղարարները ապրանքներ են տրամադրում սեքս-ծառայությունների դիմաց. ՄԱԿ-ի զեկույցը

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ խաղաղարար զորքերը սեքս ծառայությունների դիմաց պարբերաբար ապրանքներ են տրամադրում այն անձանց, ում կոչված են օգնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զեկույցում, որը կազմել են ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայության վարչությունում, ասվում է, որ Լիբերիայում ու Հայիթիում հարյուրավոր կանայք, գտնվելով ծայրահեղ աղքատության ու սովի պայմաններում, սեքսուալ բնույթի ծառայություններ են մատուցել խաղաղարարներին:
Դրա դիմաց կանայք ստացել են գումար, հագուստ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ ու այլ իրեր:

Չհրապարակված զեկույցի տեքստը հայտնվել է Reuters գործակալության լրագրողների տրամադրության տակ:

Զեկույցի համաձայն՝ 2008-2013թթ. գրանցվել է նման մոտ 480 խախտում: Ընդ որում՝ նմանատիպ հանցագործությունների մեկ երրորդը իրականացվել է անչափահասների նկատմամբ:

«Երկու երկրներից ստացված վկայությունները, որտեղ ուղարկվել էին խաղաղարարները, մատնանշում են, որ վճարովի սեքսուալ ծառայությունները բավական տարածված են, սակայն այդ մասին հազվադեպ է հաղորդվում»,- Reuters-ը մեջբերում է զեկույցի տեքստը:

Մինչ այդ, Associated Press-ը, որը նույնպես ստացել է չհրապարակված զեկույցը, գրում է, որ անցած տարի 231 մարդ Հայիթիում հայտնել է, որ սեքսուալ բնույթի ծառայություններ է մատուցել խաղաղարարներին՝ գումարի կամ իրերի դիմաց:

ՄԱԿ-ի դեպարտամենտը չի հերքում, որ անհանգստացած է խաղաղարարների նման արարքներից, սակայն ընդգծում է, որ վերջին 10 տարում խաղաղարարների թիվն ավելացել է, իսկ սեքսուալ շահագործման մեղադրանքների թիվը՝ նվազել:

Ներկայում աշխարհի տարբեր երկրներում առաքելություն է իրականացնում ՄԱԿ-ի 125 հազար խաղաղարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս