Նիկոլ Փաշինյանի ու Հովիկ Աբրահամյանի երկխոսությունն՝ ԱԺ-ում
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գրավոր հարց է ուղղել կառավարությանը, բայց ուզում է հնչեցնել և հուսով է, որ Ատոմ Ջանջուղազյանը կպատասխանի, որովհետև միտում է նկատում, որ վերջին մեկ տարում բոլոր այն դեպքերում, երբ ԱԺ լիագումար նիստում պատգամավորները կառավարությանը հարց ուղղելու հնարավորություն ունեն, կառավարությունը ԱԺ է գործուղում հիմնականում «չարքաշ փոխնախարարներին»:
Ըստ նրա, երեկ էլ բյուջեի կատարողականի հիմնական զեկուցող էր նշանակվել Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ով, իր կարծիքով, պարկեշտ և աշխատասեր անձնավորություն է, բայց կառավարության անդամ չէ և չի մտնում կառավարության՝ որոշումներ կայացնող անձանց շրջանակի մեջ, իսկ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե հաշվապահական մատյան:
«Այսօր էլ վարչապետն ու նախարարներն են պատասխանում մեր հարցերին, որովհետև Սահմանադրությունը այսօրվա նիստի համար տվել է տարընթերցումների տեղիք չտվող հստակ ձևակերպումներ և, ես կարծում եմ, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է ներողություն խնդրի մեր կառավարության անդամներից, որովհետև չի գիտակցում, թե ինչքան բազմազբաղ, հազար ու մի բիզնեսի տեր են մեր կառավարության անդամները ու հիմա փոխանակ մի կարգին օբյեկտում, մի կտոր հացի շուրջ քննարկեին բիզնեսի և ատկատների հետ կապված հարցեր, ստիպված են ժամ ու կես անցկացնել ահա այսպիսի մթոնոլորտում»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ իր հարցը վերաբերում է փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթին ու դրա հետանքներին, երբ նա խոսում էր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից միլիարդավոր դոլարների հարկեր չվճարելու ու հանցագործությունները կոծկելու պրոֆեսիոնալ մեխանիզմ ունենալու, ինչ-որ օդում կախված լուրերի մասին:
Փաշինայնը նշեց, որ նախորդ նստաշրջանում վարչապետին հարց է ուղղել, և նա ասել է, որ մինչև հունիսի 5-ը պատրաստ կլինեն ստուգման արդյունքները:
«Եթե կարճ ձևակերպենք վարչապետի բառապաշարով՝ հարցը հետևյանլն է՝ ի վերջո, բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք, պարո՛ն վարչապետ, պարոն Ծառուկյանին»,- հարցրեց Ն.Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ նախարարները չեն կարող նույն «իրոնիայով» հարցին պատասխանել:
«Կարելի՞ է ես պատասխանեմ»,- ամբիոնին մոտենալով ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը և, ստանալով Գ.Սահակյանի համաձայնությունը, հայտարարեց, թե Փաշինյանի շատ տեսակետներին համաձայն է, բայց որոշներին՝ ոչ: Նրա խոսքով՝ չի կարելի դեպք նշել, որ ԱԺ նկատմամբ իր՝ վարչապետ նշանակվելուց հետո որևէ անհարգալից վերաբերմունք կա և Ատոմ Ջանջուղազյանի կողմից կատարողականը ներկայացնելն անհարգալից վերաբերմունք չէ, ուղղակի որոշել են, որ նա՝ որպես ավելի երկար տարիների փորձ ունեցող, ավելի պրոֆեսիոնալ կներկայացնի:
Գագիկ Ծառուկյանին պատկանող կազամակերպություններում ստուգումների ավարտի վերաբերյալ վարչապետը հաստատեց, որ ինքն ասել է, թե հունիսի սկզբին ստուգումները կավարտեն, բայց ծավալուն խնդիր է և դեռ մի քանի օր կձգձգվի. «Բաց դա չի փոխում ընդհանուր հանրագումարը և արդյունքները, երբ կավարտվի ստուգող մարմինների կողմից, մենք կներկայացնենք հանրությանը: Ես դա ասել եմ և ևս մեկ անգամ փաստում եմ»:
Ն.Փաշինյանը արձագանքեց, թե վարչապետը կարող էր չպաստախանել, ու ինքը կարող էր կես ժամ սպասել, մինչև Ջանջուղազյանը գար: Նա կրկնեց փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Ծառուկյան քաղաքական կերպարը մեր երկրի համար դարձել է «չարիք», իսկ Ծառուկյանն էլ մոբիլիզացիայի կոչ է արել՝ «չարիքի իշխանության դեմ պայքարելու համար».
«Ես ուզում եմ չարիքի իշխանությանն ու չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե փորձում են ԱԺ ամբիոնը, այդ ինստիտուտը ամրապնդել, որ վստահություն ձեռք բերի հանրության առջև: Նա կոչ արեց զուր ջանքերը թողնել և զբաղվել տնտեսական զարգացմամբ: Ըստ նրա՝ կառավարությունը միտված է և ամեն ինչ անում է կոնսոլիդացնելու բոլոր ուժերը, քաղաքական ուժերին ու քաղհասարակությանը լծել այս կարևոր գործին, որից կածանցվի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքով ապահովելու խնդիրը. «Ես ուզում եմ լինել լավատես, և կոչ անել իմ բոլոր գործընկերներին, նաև պարոն Փաշինյանին, չզբաղվել նրանով, թե ով ինչ ասեց, այլ զբաղվել գլոբալ խնդիրներով»: