Գերմանիայի դեսպանության հաղորդագրությունը

Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ:

Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000,-եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեզբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ:

Ստորև ներկայացվող աշխատանքներն ուղղված են նախապաշարմունքների վերացմանը և սեռական փոքրամասնությունների՝ անձի ազատ զարգացման հիմնարար իրավունքի ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակում պետք է ապաստան ստեղծվի առնվազն 15 անօթևան ԼՄԲՏ անձանց համար՝ ապահովելով նրանց պաշտպանությունը և կենսական կարիքները, ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն մատուցվի ԼՄԲՏ անձանց, հնգօրյա սեմինարի շրջանակում 15 իրավապաշտպաններ Հայաստանի տաս մարզերից վերապատրաստական հնարավորություն ստանան խտրականության և խարազանման դեմ պայքարի նպատակով, Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում փոխանցվեն այնպիսի հմտություններ, որոնք օգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏ անձանց ազատությունների և արդարության, կազմակերպվի երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության մեջ ԼՄԲՏ անձանց վիճակի, այդ վիճակի բարելավման, ինչպես նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների ամրապնդման վերաբերյալ՝ մասնակցությամբ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ԼՄԲՏ հանրության ներկայացուցիչների:

Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են: Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունն, անշուշտ, իր մեջ ներառում է նաև ԼՄԲՏ անձանց իրավունքները:

Սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության նկատմամբ պետական կամ ոչ պետական մակարդակներում ցուցաբերվող հետապնդումը և խտրական վերաբերմունքը և կամ հոմոֆոբ ոտնձգությունները ոտնահարում են մարդու տարրական իրավունքները, ինչպես բացատրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտում:
Քաղաքացիական հասարակության քաջալերումը, հատկապես՝ իրավապաշտպաններին առաջարկվող պաշտպանությունն ու աջակցությունը, գերմանական և եվրոպական իրավապաշտպան քաղաքականության կենտրոնական թեմաներից է:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս սեռական կողմնորոշման հանդեպ խտրական բոլոր դրսևորումների դեմ և հետևողականորեն պայքարում ընդդեմ լեզբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների հանդեպ խտրականության: Ուստի երկկողմ համագործակցության շրջանակում ԳԴՀ արտգործնախարարության կողմից, ինչպես կոնկրետ այս դեպքում, աջակցություն են ստանում են նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների բարելավմանն ուղղված ծրագրերը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն 

Տեսանյութեր

Լրահոս