«Խոսել համատարած աղքատացման, սովալլուկ մանուկների մասին՝ այնքան էլ տեղին չէ». Վաչե Գաբրիելյան
Այսօր Աժ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ մտահոգություններին, որ 2014 թ-ին խնդիրներ կային տնտեսական աճի հետ կապված և մենք վտանգ ունենք ապաինդուստրիալացման, քանի որ 3.5%-անոց տնտեսական աճի հիմնական շաժիչ ուժը եղել էին գյուղատնտեսությունն ու շինարարությունը:
Նա նշեց, որ մշտական հնչում էր «ահագնացող աղքատացման» թեման: Վ.Գաբրիելյանի խոսքով՝ տարվա վերջն ուներ որոշակի խնդիրներ՝ տարածաշրջանային զարգացումների հետ կապված, բայց արդյունաբերությունն աճել է 2.7%-ով և ընդհանուր առմամբ նվազում չկար: Նա նշեց, որ գնաճից, փոխարժեքից ելնելով համատարած աղքատացման բերող խիստ էական խնդիրների ազդեցությունը գերագնահատված է: Ըստ նրա՝ բյուջեն ուներ հիմնականում սոցիալական ուղղվածություն:
Այս տրվա «պատուհանից նայելու» դեպքում, Վ.Գաբրիելյանի խոսքով, սպառողական գների ինդեքսը 2015թ-ին հունվար-մայիսին 5% է, աշխատանքի վարձատրությունը մասնավոր հատվածում աճել է 12.6%-ով և ապրիլին կազմել 213.876 դրամ.
«Ընդհանուր առմամբ, աշխատավարձերի աճը առնվազն 2 անգամ գերազանցում է գնաճի աճը: Եվ այս պարագայում խոսել համատարած աղքատացման, սովալլուկ մանուկների մասին և այլ լալահառաչ իրականության մասին, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ: Մենք ունենք դժվարություններ, մենք ունենք խնդիրներ՝ թե՛ տնտեսական զարգացման, թե՛ տարածաշրջանային համաչափ զարգացման տեսակետից, բայց պետք է ամեն ինչ ներկայացնել ճիշտ»:
Նա նշեց, որ այսօր կառավարությունն ընդունել է որոշում՝ զինվորական կենսաթոշակների ավելացման վերաբերյալ, և կարիքավոր խավերին այս թիրախավորված աջակցությունը շարունակվելու է: «Ամեն ինչ չէ, որ բարվոք է և փայլուն, սակայն դրա վերաբերյալ ևս կա կառավարության մտահոգությունը և կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում հնց այդ ուղղությամբ»,- վստահեցրեց Վ.Գաբրիելյանը: