Գալուստ Սահակյանը՝ 2014 թվականի բյուջեի կատարողականի մասին
Այսօր խորհրդարանի նիստում շարունակվեց 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձանագրեց այն միտումներն ու օրինաչափությունները, որ ձևավորել են 2014 թ-ին և կարող են ազդեցություն թողնել այս տարվա վրա:
Ըստ նրա՝ տարին առանձնահատուկ էր՝ ԵՏՄ անդամակցության նախապատրաստում, այդ թվում՝ օրենսդրական դաշտի համապատասխանեցում, տարվա կեսից պետական աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների ավելացում, միջազգային հարաբերություններում զարգացումներ, ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման արդյունքոմ տրանսֆետների հոսքի կրճատում, հայ-ադրբեջանական սահմանին սադրանքների ավելացում, արժույթի շուկայում առաջացած իրավիճակի հետևանքով գնողունակության անկում:
«Տնտեսական աճի տեմպերը սպասվածից ավելի զուսպ են եղել՝ պայմանավորված արտաքին զարգացումներով»,- ասաց Գ.Սահակյանն ու հավելեց, թե կառավարության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից ու տարին փակել ՀՆԱ 3.5% աճով:
Ըստ նրա՝ զարգացումները նախադրյալներ են ապահովում առաջկա տարիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար և ԵՏՄ անդամակցության ու տարբեր միջազգային կառույցներին «ինտեգրացիոն խորացումների շնորհիվ» առաջընթացի լուրջ զարգացումներ են սպասվում:
Գ.Սահակյանը նկատեց, որ կառավարության քննադատությունը պետք է տրամաբանություն ունենա, լինի փաստերի վրա հիմնված: Նա նշեց, որ սոցիալ-տնտեսական ոլորտում ծրագրերը պետք է մնան առաջնահերթություն: Մարտահրավերներն արդյունավետ լուծելու համար Գ.Սահակյանը կարևորեց գործարար միջավայրի բաելավումը: Ըստ նրա՝ շատ մոտ ապագայում գործնական տեսք կստանան և կյանքի կկոչվեն ԱԺ կողմից հավանության արժանացած և կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումները:
«2014թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը վկայում է այն մասին, որ մենք հիմնականում կարողացել ենք հաջողությամբ դիմակայել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ապահովել բավարար երաշխիքներ՝ առկա խնդիրների լուծման համար»,- ասաց ԱԺ նախագահը: