Կաթը հանքային ջրից կրկնակի էժան է
Tesankyun.am.-ը գրում է. Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում գյուղացիներից կաթ են ընդունում 2 ձեռներեց՝ Կոթի գյուղի բնակիչ եւ ոսկեպարցի գործարար: Նրանք ոսկեպարցիներից կաթն ընդունում են լիտրը 120 դրամով: Ոսկեպարցիները հայտնեցին, որ հաջորդ ամիս կաթի ընդունման գինը նվազելու է 20 դրամով: Այդ մասին հայտնել է կաթ ընդունողներից մեկը: Անասնատերերը դժգոհում են, որ կովերը պահելու, կթելու չարչարանքն է մնում, իրենք եկամուտ չեն ունենում: Անասնապահները ձմռան սեզոնին 6 ամիս կովերը պահում են գոմերում, անասնակերով կերակրում: Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում՝ Ոսկեպարում, պլաստմասսե տարայով մեկ լիտր «Ջերմուկը» վաճառվում է 250 դրամով: Հանքային, գազավորված ջուրը ավելի քան կրկնակի թանկ է անաղարտ բնության մեջ պահած կովերի կաթից: Վաճառվող հանքային ջուրը հումք չէ, այլ՝ պատրաստի արտադրանք, որի գնի մեջ ներառված են նաեւ տարայի արժեքը, հարկեր,բանվորի աշխատավարձը,ամորտիզացիոն ծախս: Սակայն հանքային ջրի եւ կաթի գների նման տարբերությունը աբսուրդի է նման: Ուշագրավ է,որ խանութներում վաճառվող կաթնամթերքի գները ամենեւին չեն նվազում: Թվում է, թե գյուղացիների համար ելք կարող է լինել կաթը մթերելու փոխարեն դրանից պանիր եւ յուղ պատրաստելը: Սակայն դժվարություն է դրանք իրացնելը: Ոսկեպարում վաճառվող, տնայնագործական եղանակով պատրաստվող պանրի գինը 2000 դրամից նվազել է 1600 դրամի: