Բաժիններ՝

«Հիասթափած եմ Հայկ Մարությանից՝ իբրև դերասան». Դիանա Մարտիրոսյանը վերլուծում է հայկական ֆիլմերը

Վերջին շրջանում շատ հաճախ են նկարահանվում հայկական ֆիլմեր, սակայն, ինչպես ասում են, քանակը դեռ որակ չի ապահովում։ Կինոթատրոններում իրար հերթ չտվող պրեմիերաներից հետո հիմնականում դուրս ես գալիս հիասթափված։ BlogNews.am-ը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսել է հայկական ֆիլմերի մասին ու վերլուծել դրանք։

Դիանան նշեց, որ է հայկական ֆիլմեր դիտելու ցանկություն, որպես այդպիսին, չունի, սակայն մասնագիտության բերումով դիտում է։ «Երբ նայում ես ոչ հայկական ֆիլմ, քեզ տեղափոխում են այդ աշխարհ, հայկական ֆիլմերի դեպքում չկա այդ պրոֆեսիոնալիզմը, կան շատ կիքսեր, արդյունքում հայկական ֆիլմ դիտելիս սկսում ես նյարդայնանալ»,- ասաց Դիանան՝ հավելելով, որ ֆիլմեր նկարում են մարդիկ, ովքեր դրա մասնագետը չեն։ «Եթե դու փորձես «Սպանել 15 րոպեում» ֆիլմը ստեղծողներին բացատրել՝ ինչո՞ւ է իրենց ֆիլմը վատը, իրենք գուցե չհասկանան, որովհետև մարդիկ ժանրերը չեն տարբերում։ Ասում են՝ նկարել ենք թրեյլեր, բայց պետք է ասեն՝ թրիլլեր, որովհետև թրեյլերը ֆիլմի անոնսն է։ Իրենք չեն էլ հասկանում, որ այդ ֆիլմը նույնիսկ թրիլլեր չէ, մարտաֆիլմ է»,- նկատեց կինոքննադատը։

Թեև Դիանան չէր ցանկանում գնահատական տալ ֆիլմերին, քանի որ ինքը ժյուրի չէ, ձևաչափը չխախտելու համար 10 բալանոց սանդղակով գնահատեց ֆիլմերը՝ համեմատելով հայկական ժամանակակից այլ ֆիլմերի հետ։ Ի դեպ, նա որպես ամենացածր միավոր նշեց 2-ը՝ չցանկանալով որևէ մեկի աշխատանքը 1 գնահատել։

maxresdefault

«Սկոտչ&Whiskey» – 6 միավոր

Սուրեն Թադևոսյանը հրաշալի կինոօպերատոր է, և ֆիլմի ամենադրական կողմն օպերատորական աշխատանքն էր։

Կատակերգությունները բաժանվում են տարբեր ենթաժանրերի՝ սատիրա, իրավիճակային, գրոտեսկային, արկածային և այլն։ Ես չեմ կարող հստակ ասել, թե ֆիլմը կոնկրետ ինչ ենթաժանրի է, որովհետև տան մեջ տեսնում էի մի իրավիճակ, դրսում՝ այլ՝ ավելի ամերիկյան։ Ինձ ցույց են տալիս ամերիկյան կենցաղ։

Իհարկե, եթե դու Ֆելինին կամ Փարաջանովն ես, կարող ես ջարդել ժանրերը, բայց երևի մեր ռեժիսորները դեռ Ֆելինի չեն։) Եթե ուղղակի դիտորդ լինեի, գուցե կեսից ձանձրանայի և դուրս գայի։ Որոշ մարդիկ միանշանակ հաճույք ստացան ֆիլմից։ Լավ էր, որ այս ֆիլմում ընդհանուր առմամբ չկար գռեհիկ հումոր։

Չեմ կարող ասել, թե 4 դերասաններն էլ գոհացրին։ Ինձ համեմատաբար գոհացրեց Լուիզա Ներսիսյանը, ամենաթույլը միանշանակ Արփի Գաբրիելյանն էր։

super_mama_article

«Սուպեր մամա» – 3 միավոր

Սա մի փորձ է, երբ հայ իրականության մեջ փորձում են ադապտացնել ոչ հայ իրականությունը, վերցնում են «Ջազում միայն կանայք են», «Tootsie», անգամ «Curly Sue» և շատ ուրիշ ֆիլմերի միզանսցեններ, ես գալիս, տեսնում եմ ինձ ծանոթ 20 ֆիլմի սինթեզ։

Մինչ այդ ես շատ էի սիրում Հայկ Մարությանին, «Կարգին հաղորդման» մեծ երկրպագուն եմ և վերադիտում եմ իրենց սկետչերը։ Որպես դերասան՝ նա շատ է գոհացրել ինձ, բայց «Սուպեր մամայի» մեջ նա կիսատ էր՝ որպես դերասան։ Նա չէր գտել հերոսի ձայնը, կարծես տարբեր հերոսների մարմնավորեր։ Հասկանալի է՝ նրա հերոսը տրանսֆորմացիա է ապրում, բայց, ամեն դեպքում, ես հիասթափած եմ Հայկ Մարությանից՝ իբրև դերասան։

urishi_poxaren_afisha_article_0

«Ուրիշի փոխարեն» – 4 միավոր

Ինձ դուր չի եկել այս ֆիլմը, սակայն 4 միավոր տվեցի, որովհետև «Սուպեր մամայի» համեմատ պլագիատը գոնե քիչ էր։ Հովհաննեսի ոճի կերպարներ շատ կան։ Դու գնում, նայում ես 1987 թվին Ամերիկայում նկարված ֆիլմի վատ remake: Երբ մարդիկ չեն խոստովանում, որ դա remake է, կարծես քեզ էշի տեղ դնեն։

Ֆիլմից հետո ես նկատողություն արեցի դերասան Սոս Ջանիբեկյանին և ռեժիսորին՝ Հրանտ Երիցկինյանին, ասացի, որ կոմերցիոն ֆիլմ է, իրենք չընդունեցին։ Հովհանես Ազոյանն ասաց, որ ինքը դերասան չի, գիտելիքներ չունի այդ բնագավառում և չի կարող քննարկել դա։ Ես հարգում եմ, երբ մարդը հստակ գիտի իր տեղը։

maxresdefault (1)

«Իմ փոքրիկ փեսացուն» -2 միավոր

Վերցրել են ամերիկյան հայտնի ֆիլմ, փոխել որոշ դետալներ ու ասում են՝ սա հայկական ֆիլմ է։ Նմանատիպ ֆիլմեր շատ կան։ Սա վատ կրկնօրինակում է։

749597

«Կիսալուսնի ծովածոցը» – 6.5 միավոր

Մի քիչ լավ ֆիլմ։ Կան ֆիլմեր, որոնցից «սնոբիզմի» հոտ է գալիս, բայց շատ սիրուն է նկարած՝ էսթետիկ լուծումներով, օպերատորական լավ աշխատանքով, գունային մշակմամբ։ Ֆիլմը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա, ինչն արդեն լավ է։ Հասկանալի է, որ ֆիլմը չի կարող և նպատակ չունի դահլիճներ լցնել, հեղինակը փող գռփելու ցանկություն չուներ, ինչը լավ է։ Նկարվել է գեղեցիկ ֆիլմ, որը մյուսների համեմատ նայում ես հաճույքով։

Nshanyan

«Վրիժառուի օրագիրը» – 3 միավոր

Սա «B» կլասի ֆիլմ էր։ Կան ֆիլմեր, որոնք կրկնօրինակում են մարտաֆիլմերը, ձեռ են առնում այդ ամենը։ Էստեղ այնպես է սկսվում, որ քեզ թվում է՝ ձեռ են առնում, կա հայտնի դերասան, բայց ամեն ինչ շատ վատ է։ Անհասկանալի է՝ ինչ է տեղի ունենում։

Ֆիլմի բյուջեն 1 մլն դոլար է, որն ԱՄՆ համար ծիծաղելի գումար է, այնտեղ փառատոնային ֆիլմերի բյուջեն սկսվում է 3-4 մլն դոլարից։ Հասկանում ենք, որ այս դեպքում խոսքը երրորդ կարգի դերասանների մասին է։ Մայքլ Մեդսոնը, ով նկարահանվել է Տարանտինոյի ֆիլմում, նկարահանվեց նաև էստեղ, բայց ինքը չէր էլ խաղում, ուղղակի մի 2 սցենայում երևաց։ Թող մարդիկ այս ֆիլմը չարդարացնեն նրանով, որ այնտեղ խաղացել է Մայքլ Մեդսոնը, որովհետև նա ունի 5 լավ, 50 վատ ֆիլմ։ Անգամ Ալ Պաչինոն ու Լեոնարդո ԴիԿապրիոն ունեցել են ձախողված ֆիլմեր։

Արման Նշանյանին համարում եմ «չվատ» դերասան, բայց այս կերպարը գրոտեսկային էր, նա մաֆիայի խենթ շեֆ էր։ Դա շատ բարդ է, քանի որ, «խենթ» ասելով, յուրաքանչյուրը մի բան է հասկանում։ Ինձ համար կարևորն այն է, որ ես հերոսին հավատամ, իրեն չհավատացի, բայց գուցե մեկ ուրիշը հավատա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս