Լևոն Զուրաբյանն ուզում է հասկանալ Իշխան Զաքարյանի անհետացման առեղծվածը

«Ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին»,- այս հարցն այսօր ԱԺ նիստում կրկին հնչեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ ՎՊ գնահատականը ներկայացնում էր Վերահսկիչ պալատի անդամ Սեյրան Ավագյանը:

Զուրաբյանը մեջբերեց ԱԺ կանոնակարգի մասին 89 հոդվածը, որի համաձայն` տարեկան հաշետվությունը և բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցը պետք է ներկայացնի անձամբ ՎՊ նախագահը:

«Ի վերջո, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվել Իշխան Զաքարյանի hետ, ինչո՞ւ չի կատարում իր պարտականությունները»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ միգուցե ԱԺ ղեկավարությունը գիտի և կօգնի իրեն հանգուցալուծել այս հանելուկը և հասկանալ Իշխան Զաքարյանի անհետացման առեղծվածը:

ԱԺ նախագահ Գ. Սահակյանի կարծիքով՝ այդ հացադրումը ճիշտ կլիներ, եթե լիներ ՎՊ հաշվետվության ներկայացում, բայց այժմ խոսքը բյուջեի կատարողականի վերաբերյալ է: Ըստ նրա՝ շատ ցանկալի է և ճիշտ կլիներ, եթե առաջին դեմքով ներկայացված լիներ ՎՊ-ն. «Հրավիրեք, խոսեք, հարցրեք՝ ինչո՞ւ չի եկել: Իշխան Զաքարյանը քաղաքում է, իր աշխատավայրում, երեկ խորհրդակցել ենք, լավ կլիներ ինքը լիներ, բայց դա իրենց իրավասության շրջանակում է»:

Տեսանյութեր

Լրահոս