Բաժիններ՝

Աստղագուշակ Ջունային կհուղարկավորի հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Մոսկվայում կյանքի 65-րդ տարում մահացել է Եվգենյա Դավիթաշվիլին, ով ավելի շատ հայտնի էր որպես բուժակ, աստղագուշակ Ջունա: Նրա մահվան մասին LiveJournal-ի իր բլոգում հայտնել էր դերասան, բլոգեր Ստանիսլավ Սադալսկին: Ջունայի ընկերների խոսքով՝ նա 2 օր գտնվել է կոմայում:

Սադալսկին տեղեկացրել է, թե ով է կազմակերպելու հանգուցյալի հուղարկավորությունը: Դերասանի խոսքով՝ Ջունային կհուղարկավորեն նրա ընկերները, այդ թվում՝ հաղորդավար Անդրեյ Մալախովը: «Ինձ այդ մասին հայտնել են Ջունայի շրջապատից»,-Սադալսկու խոսքերը մեջբերում է TASS-ը:

«Որքան ինձ հայտնի է, հուղարկավորության հարցում իր օգնությունը կտրամադրի Անդրեյ Մալախովը, ով արդեն գնացել է Ջունայի տուն: Ես գիտեմ, որ ազգականների հետ Ջունան վերջին շրջանում չի շփվել: Նա արգելել էր ազգականներին գալ իր տուն»,- ընդգծել է դերասանը:

Անձամբ Մալախովը հայտնել է, որ հաղորդում է պատրաստում՝ նվիրված Ջունային:
Սադալսկին իր բլոգում առաջ է քաշել վարկած, որ Ջունային սպանել է որդու՝ 26-ամյա Վախթանգի մահը, ով ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարի հետևանքով: Աստղագուշակը, չվստահելով բժիշկներին, որոշել էր անձամբ զբաղվել որդու բուժմամբ: Որդու ողբերգական մահը խորը ցնցում էր Ջունայի համար, որը նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել: 2001 թվականից հետո (որդու մահից հետո) Ջունան այլևս չէր երևում մարդկանց շրջանում:

«Կարելի է ասել՝ Ջունան վաղուց էր մահացել: Նա մահացել էր Վախթանգի հետ, մարմնով, հոգով չէր ապրում, այլ գոյատևում էր, նրա էներգիան հեռացել էր, արդեն չէր կարողանում բուժել, արագ կուրանում էր: Չեխովը մի անգամ ասել է, որ մարդը մահանում է այնքան անգամ, որքան կորցնում է իր հարազատներին: Որդու մահը Ջունան չկարողացավ հաղթահարել»,-գրել էր Սադալսկին բլոգում:

Ջունային կհուղարկավորեն Վագանկովսկի գերեզմանատանը որդու՝ Վախթանգի գերեզմանի հարևանությամբ:

Ջունան խորհրդային աստղագուշակ էր: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ տարբեր տարիների նրա հաճախորդներն են եղել խորհրդային գործիչներ Լեոնիդ Բրեժնևը, Իլյա Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն ու Մարչելլո Մաստրոյանին, ինչպես նաև կինոռեժիսորներ Անդրեյ Տարկովսկին ու Ֆեդերիկո Ֆելլինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս